Գլխավոր տնօրենի ուղերձը

 
Տնօրեն
     Հարգելի բարեկամ,

     Ուրախ եմ ողջունել ձեզ «Վեոլիա ջուր» ընկերության պաշտոնական կայքում:
     Արդեն երեք տարի է, ինչ մեր աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված Վարձակալության պայմանագրով, ապահովում է քաղաքամայր Երևանի, հանրապետության ևս 44 քաղաքների ու 318 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը:   
     Մենք հրաշալի հասկանում ենք այն պատասխանատվությունը, որ կրում ենք վստահված գործի համար: Հավատացած եղեք, որ արվում է հնարավորը՝ համակարգը շարունակաբար զարգացնելու, բաժանորդների հարաճուն կարիքները բավարարելու և սպասարկման որակը բարելավելու համար:
     Չենք կասկածում, որ կհաջողենք մեր նախաձեռնություններում: Սակայն առաջընթացն այստեղ նաև ձեզանից է կախված: Կոմունալ ոլորտը փողոց է երկկողմանի շարժումով, որով հաջողությամբ ընթանալու կարևորագույն պայմաններից մեկը «ջրամատակարար-հասարակություն» կապի ամրապնդումն է ու փոխշահավետ կառուցողական երկխոսության ծավալումը: Ահա թե ինչու այս կայքը մենք դիտարկում ենք որպես ընկերություն-բաժանորդ երկխոսության կարևորագույն հարթակ:
     Եղեք ակտիվ և նախաձեռնող, հայտնեք ձեր կարծիքը մատուցվող ծառայությունների որակի մասին, իմացեք կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կիսվեք ձեր մտահոգություններով ու սպասումներով, ծանոթացեք ընկերության գործունեությանն ու ձեռքբերումներին, նպատակներին ու ծրագրերին:
     Եկեք համատեղ ուժերով բարելավենք ջրամատակարարումը ողջ Հայաստանում:
     
     Համագործակցության ակնկալիքով՝
     Մարիաննա Շահինյան