Հաճախակի տրվող հարցեր

     Ստորեւ ներկայացված են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հաճախորդներին հուզող հիմնական հարցերի պատասխանները: Առաջացող այլ հարցերի վերաբերյալ կարող եք մեզ դիմել «Հետադարձ կապ» բաժնի միջոցով:
Ինչպե՞ս հաղորդել ջրաչափի ցուցմունքը

Ջրաչափական սարքի ցուցմունքը պարբերաբար գրանցվում է սպասարկող մասնագետ-տեսուչի կողմից։ Սակայն, բաժանորդն էլ կարող է, չսպասելով տեսուչի այցին, հնարավոր թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ամեն ամիս ջրաչափի ցուցմունքը հաղորդել Վեոլիա Ջուր ՓԲԸ հետևյալ կերպ․

1․ Զանգահարել 1-85, 011-300-185, 0 800 00 185 /անվճար/ հեռախոսահամարներով, 
2․ Գրել com@vjur.am, office@vjur.am  էլ․փոստին,
3․ Գրանցվել veolia.am կայքում (Սպառողներին/Առցանց ծառայություններ/Մուտք/Ցուցմունքների մուտքագրում) և, կատարելով պահանջվող հրահանգները, մուտքագրել ցուցմունքը,
4․ Հաղորդագրություն ուղարկել Veolia Armenia ֆեյսբուքյան էջին,
5․ Այցելել ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ կամ առևտրային ծառայություններ,

Ընդ որում, հարկ է նշել բաժանորդային քարտի համարը, ջրաչափի ցուցմունքը, իսկ հնարավորության դեպքում՝ նաև կցել դրա լուսանկարը։ 

Ինչ անե՞լ եթե ջրաչափ չունեք

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ առանց առևտրային հաշվառքի սարքի (ջրաչափի) ջրամատակարարման դեպքում՝ ջրի քանակի հաշվարկի կարգում 2017թ․ հունվարի 1-ից կատարվել է փոփոխություն։ Բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 30 խորանարդ մետր։ Ոչ բազմաբնակարան շենքի (անհատական տնատիրության) բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը մնացել է նույնը՝ 100 խորանարդ մետր։ 
Բաժանորդի կողմից համապատասխան դիմում ներկայացնելուց հետո Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից 30 աշխատանքային օրվա ընթացքում առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում՝ մատուցված ծառայության քանակը հաշվարկվում է բաժանորդին մատուցված ծառայության միջին ամսական քանակի 10%-ի չափով։ 

Որքա՞ն է կազմում ջրամատակարարման ներկայիս սակագինը

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող բնակավայրերում բաժանորդների համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը կազմում է 180 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ: 

Ուր դիմել մատուցվող ծառայություններից բողոք-առաջարկության դեպքում

     Առաջին հերթին պետք է դիմել Վեոլիա  Ջուր ՓԲԸ «Հեռախոսային կենտրոն»՝ 1-85, 011-300-185, 0 800 00 185 /անվճար/ հեռախոսահամարներով` ներկայացնելով խնդիրը, հայտնելով բնակության  հասցեն և հեռախոսահամարը: Կարելի է նաև դիմել Վեոլիա  Ջուր ՓԲԸ Բաժանորդների սպասարկման գրասենյակներ, առևտրային տարածքային ծառայություններ կամ բողոք-առաջարկությունը ներկայացնել սույն կայքի «Հետադարձ կապ» բաժնի, com@vjur.am էլեկտրոնային փոստի և ֆեյսբուքյան Veolia Armenia պաշտոնական էջի միջոցով:

Ինչպես է բնակիչը տեղեկացվում ջրամատակարարման գրաֆիկի մասին

     Ջրամատակարարման գրաֆիկը տարեկան 2 անգամ հրապարակվում է մամուլում կամ այլ տեղեկատվական միջոցով: Այդ մասին կարելի է տեղեկանալ նաեւ` «Հեռախոսային կենտրոնից», Բաժանորդների սպասարկման գրասենյակներից, ընկերության veolia.am կայքից կամ ֆեյսբուքյան էջից, ինչպես նաեւ գրավոր՝ կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով:

Ինչպես է բնակիչը տեղեկացվում ջրանջատումների մասին

     Ընկերության համակարգում վթարներից բացի, ջրամատակարարման ընդհատումները հետևանք են պլանային շինարարական և վթարականխարգելիչ աշխատանքների: Ջրամատակարարման ընդհատումների մասին բաժանորդները իրազեկվում են էլեկտրոնային եղանակով, ԶԼՄ-ների, անհատական հաղորդագրությունների (sms-ների) միջոցով: Այդ մասին կարելի է տեղեկանալ նաեւ՝ «Հեռախոսային կենտրոնից», ընկերության veolia.am կայքից կամ ֆեյսբուքյան էջից, ինչպես նաեւ գրավոր՝ կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով:

Ինչպես վարվել, եթե ծորակից հոսող ջրի որակը կասկածի տեղիք է տալիս

     Այդ մասին հարկ է անմիջապես տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնին»` ներկայացնելով խնդիրը, հայտնել բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը: Ձեզ կայցելեն Ընկերության Ջրի որակի լաբորատորիայի աշխատակիցները, որոնք տեղում կկատարեն ջրի նմուշառում, կստուգեն նրա որակը և համապատասխանությունը ներկայացվող սանիտարական նորմերին ու կանոններին: Իսկ գրավոր՝ այդ մասին կարելի է տեղեկացնել՝ կայքէջի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով:

Բնակարան գնելու դեպքում` ինչպես կատարել բաժանորդային քարտի անվանափոխություն

     Նախ, բնակարանը գնելիս պետք է վաճառողից պահանջել ընկերության հետ կատարել վերջնահաշվարկ, լուծել պայմանագիրը և Ձեզ ներկայացնել տեղեկանք այդ մասին: Այնուհետև, պետք է բնակարանի սեփականատերը (կարող է նաև ներկայանալ համասեփականատերը կամ լիազորված անձը` լիազորագրի հիման վրա) Բաժանորդների սպասարկման գրասենյակ ներկայացնի դիմում անվանափոխություն կատարելու վերաբերյալ` կցելով անձնագրի եւ տարածքի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։

Ուր դիմել, եթե սպառած ջրի դիմաց հաշիվներում կան անճշտություններ

     Հարկավոր է դիմել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»: Իսկ գրավոր՝ խնդիրը կարելի է ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով: 

Ինչ անել, եթե պատրաստվում եք երկար ժամանակով բացակայել բնակարանից

     Եթե Ձեր բնակարանում դեռևս տեղադրված չէ ջրաչափական սարք, ապա երկար ժամանակով բնակարանից բացակայելու դեպքում այդ մասին պետք է գրավոր ծանուցել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել Հեռախոսային կենտրոն, որից հետո ընկերությունը կիրականացնի ջրագծի փականի կնքում եւ կկազմի այդ մասին համապատասխան ակտ:
     Եթե Ձեր բնակարանում տեղադրված է ջրաչափական սարք, ապա ջրագծի փականի կնքում կիրականացվի միայն Ձեր պահանջով:

Ինչ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս

     Նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի արտահերթ ստուգաչափման համար։  Իսկ գրավոր՝ կարելի է դիմում ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի եւ com@vjur.am էլեկտրոնային փոստի միջոցով:
     Ջրաչափի ստուգաչափումն իրականացնում է «Վեոլիա  Ջուր» ՓԲԸ՝ իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ ջրաչափի արտահերթ ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում չի արձանագրվել։ Այս դեպքում Բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված անհրաժեշտ ծախսերը՝ Չափագիտական մարմնի (ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա՝ Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածք) փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Ինչ անել, եթե ջրագծի վթարի կամ բնակարանի վերանորոգման պատճառով ջրաչափն ապամոնտաժելու կարիք կա

     Բնակարանի վերանորոգման դեպքում ընկերությանն անհրաժեշտ է տեղեկացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի կնքված հոլոգրաֆիկ կնիքը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համապատասխան մասնագետի կողմից հեռացնելու խնդրանքով:
     Ջրագծի վթարի դեպքում, երբ անհետաձգելի վերանորոգում է պահանջվում, բաժանորդը իրավունք ունի պոկել ջրաչափի կնքված հոլոգրաֆիկ կնիքը՝ այդ մասին «Վեոլիա  Ջուր» ՓԲԸ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ Հեռախոսային կենտրոն զանգահարելու միջոցով տեղեկացնելուց, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, ջրաչափի ցուցմունքը հայտնելուց և «Վեոլիա  Ջուր» ՓԲԸ համաձայնությունը ստանալուց հետո: Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից ջրաչափը ենթակա է վերակնքման Բաժանորդի կողմից կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Փոկված հոլոգրաֆիկ կնիքը բաժանորդը պարտավոր է պահպանել և առևտրային հաշվառքի սարքի վերակնքման պահին հանձնել  Մատակարարին:

Վարձավճարի համար ինչպիսի արտոնություններ են սահմանված

     ՀՀ կառավարության 08.07.1997 թիվ 251 որոշման 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի հիման վրա ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների վարձավճարների 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից օգտվում են հետևյալ խմբերի քաղաքացիները`
     դ) նախկին ԽՍՀՄ հերոսները, սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք:
     ե) Անհատական կենսաթոշակառուները:
     «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներն օգտվում են ջրահեռացման վարձը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից: Նշված արտոնությունից օգտվում են նաև զինծառայողներին հավասարեցված որոշ խմբի անձինք /հոդված 72, մաս 4/: