Մուսալեռցիների ուրախությունը կիսեցին Արտաքին Գործերի նախարարները

Այսօր Առաջին Հանրապետության 100-ամյակն է

     Մայիսի 28-ին առավոտից մարդաշատ էր Մուսալեռան հերոսամարտի հուշահամալիրը: Ասենք, նախկինում էլ մուսալեռցիների Հայաստանում ափ դրած սերունդները Առաջին Հանրապետության օրը նշում էին հավուր պատշաճի: Սակայն 100-ամյակի հանդիսությունն այստեղ իրոք որ իսկական տոն էր՝ թե ձեւի եւ թե բովանդակության առումով:
     Այս անգամ նրանց ուրախությունը կիսելու էին եկել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներ, բազմաթիվ մուսալեռցիներ Հայաստանից ու արտերկրից, բարերարներ ու լրագրողներ:
     
Ծափողջույնների ներքո տեղի ունեցավ նորակառույց հայ-ֆրանսիական բարեկամության աղբյուր-հուշարձանի բացման արարողությունը, որի ժապավենը կտրվեց երկու նախարարների ձեռամբ: Բնականաբար, խոսվեց հայ-ֆրանսիական ավանդական կապերի ու բարեկամության մասին, սակայն հանդիսության հիմնական շեշտն այլ էր: Այո, իրենց բազկին ապավինած լուսալեռցիները հերոսաբար դիմադրեցին թշնամուն, սակայն նրանց փրկության մեջ իրենց ավանդն ունեցան նաեւ ֆրանսիացի ծովայինները, ովքեր 2015թ. հասան փրկեցին ու նավերով Եգիպտոս, Պորտ-Սայիդ փոխադրեցին 4000 մուսալեռցու: Ահա այդ ծովայինների հիշատակին մուսալեռցիների կողմից հարգանքի տուրքի մատուցմանն էլ նվիրված էր Մուսալեռ գյուղում կազմակերպված հանդիսությունը:
     
Ինչպես նշեց Զոհրաբ Մնացականյանը, նման բարձր մակարդակով, միայն մեկ անգամ, հեռավոր 1936թ. է նշվել հանդիսությունը Մուսա Լեռում, երբ հյուր էր եկել Ֆրանսիայի ծովային նախարարը: Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարն տարածաշրջանային այցի շրջանակում առաջին անգամ է Հայաստանում և մասնակցում է Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններին:
     
Բնականաբար, որպես ֆրանսիական ընկերություն Վեոլիա Ջուրը չէր կարող անմասն մնալ այս կարեւոր իրադարձությունից ու «Արեւմուտք» տարածաշրջային տնօրինության «Էջմիածին» տեղամասի ուժերով լուծեց «Մուսալեռան հերոսամարտի պատմության ու մուսալեռցիների ազգագրության թանգարան» - հուշահամալիրի ջրամատակարարման խնդիրը, որը 4 տարվա վաղեմիություն ուներ: Կառուցվեց մոտ 180 գծամետր խողովակաշար, տեղադրվեց դիտահոր ու ջրաչափ: Մի խոսքով, ունեցավ իր թեկուզեւ փոքր, բայց եւ կարեւոր ու հաճելի ներդրումը տոնական միջավայրի ծեւավորման գործում, որն անմիջապես արժանավույնս գնահատվեց արեւից նեղված ժողովրդի կողմից: Այսուհետ, ջուրն այստեղ կհոսի մշտապես, մշտապես հիշեցնելով հուշահամալիրի հյուրերին մուսալեռցիների անմահ սխրանքի մասին:
     
«Որպես Ֆրանսիայի մի մաս, Վեոլիա ջուրը նույնպես հայաստանցիների կողքին է ու ամեն ինչ կանի նրա բնակիչների ջրամատակարարման բարելավման նպատակով», - ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն լրագրողներին տված հարցազրույցում: