Ջրանջատման պատճառը համապետական նշանակության ճանապարհի շինարարությունն է

Այսօր առավոտից Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների զգալի մասում, ինչպես նաև հարակից Զովունի, Փարաքար, Թաիրով, Արգավանդ, Գեղանիստ ու Ազատաշեն գյուղերում ջուր չկա: Սեպտեմբերի 25-ին ժամը 9.00-ից դադարեցվել է նշված տարածքների ջրամատակարարումը: 

Պատճառը մայրաքաղաքի Բաբաջանյան-Չաուշի փողոցներ հատվածում նոր մայրուղու կառուցումն է, որի ավարտին Ադմիրալ Իսակովի պողոտան այս շրջանցիկ ճանապարհով կմիանա Աշտարակի խճուղուն: Մի խոսքով, գործը համապետական նշանակության է, հետևաբար, ներգրավված կազմակերպությունները պարտավոր են առաջացող խնդիրներին հնարավորինս արագ լուծումներ գտնել: 

Այսպես, ըստ նախագծի՝ նորակառույց ուղին մի քանի տեղ հատում է տարածաշրջանի ջրամատակարարման բաշխիչ ցանցը, ինչն անհնարին է դարձնում վերջինիս հետագա շահագործումը: Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայում, «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում ձևավորվող խոշոր տրանսպորտային հանգույցում կառուցվում է կամուրջ, որի հենասյունը «նստում է» ուղիղ 1000մմ տրամագծով «Արզական-Երևան» ջրատարի վրա: Այսօրինակ հանգամանքներով պայմանավորված, կապալառու «Խաչհար» ընկերությունն ամենուր կառուցում է ճանապարհը շրջանցող խողովակաշարեր ու դրանք հերթականությամբ միացնում է գործող ջրատարներին: 

Նշված հատվածում գործի կեսն արվեց օգոստոսի 22/23-ին՝ նման դեպքերում անխուսափելի ջրանջատման պայմաններում: Այսօր երկրորդ ջրագծի միացումն է տրվում: Հետևաբար, պետք էր նորից ջրանջատում հայտարարել, ինչն իրականացվեց վաղօրոք՝ ի լուր հանրության: Իր հերթին, սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար, կապալառուն, օգտվելով առիթից, երեք վայրերում ևս նման աշխատանքների է ձեռնամուխ եղել:
     Այսպիսով, շինարարն առավոտից ստացել է «աշխատանքային լայն ճակատ» և գործի անցել: Աջակիցը ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասն է: Համատեղ ուժերով արվում է հնարավորը՝ աշխատանքը ժամ առաջ ավարտելու ու սպառողների ջրամատակարարման գործող ռեժիմը վերականգնելու համար: