Գեղարքունիքի Գավառ քաղաքի Ազատության փողոցի 4, 5, 6 շենքերը սնող 100 միլիմետրանոց պողպատյա ջրագիծը պատկառելի տարիքի էր. շահագործվում էր դեռևս 1970-ականներից: Բնական է, որ քայքայված էր և ամբողջովին վթարային: Մի խոսքով, վաղուց դրա «կենսաթոշակի անցնելու» ժամանակն էր:
Նշված շենքերի հուսալի շարունակական ջրամատակարարման համար հարկ էր ջրագիծը փոխել, մուտքագծերն էլ արդիականացնել: Դրա համար «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Գավառ» տեղամասի աշխատակիցները փողոցի ջրագծի մոտ 250 մետրանոց հատվածը փոխարինեցին նորով՝ պոլիէթիլենայինով:
Հիմա այստեղ ջրի նախկին՝ 7-8 լիտր վայրկյանում կորուստն այլևս չկա, ճնշումը տեղն է, սպառողները՝ գոհ: Վեոլիա ջուրն էլ է բավարարված՝ ջրագիծը շահագործվում է հուսալի: