
Վեոլիայի կենտրոնական ավտոկայանատեղն այսօր սովորականից ավելի մարդաշատ էր ու տոնական.: «Շքերթի էր դուրս եկել» ստացված տեխնիկայի վերջին խմբաքանակը. 4 միավոր New Holland մակնիշի էքսկավատոր՝ կցամասերով և 4 միավոր ռուսական UAZ Profy-ի՝ ծածկախցիկներով:
Թե ինչի համար է էքսկավատորը՝ պարզ էր, իսկ թե ինչ կար ծածկախցիկներում՝ պարզ դարձավ տեխնիկայի շնորհանդեսին. խոսքը հոլանդական Rioned ընկերության արտադրության կոյուղու մաքրման փոքրածավալ համալիր սարքավորումների մասին է, ինչը նորույթ է համակարգում:
Մեքենայի տեխնիկական տվյալներն են.
• Ջրի բաքի տարողությունը՝ 500 լիտր,
• Փողրակի երկարությունը՝ 60 մետր,
• Ջրի աշխատանքնային ճնշումը՝ 100 մթն:
Մատակարարի ներկայացուցիչ Փոլ Մալենսը գործնական ու տեսական պարապունքներ անցկացրեց նոր տեխնիկան սպասարկող աշխատակազմի հետ, ներկայացնելով մեքենայի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, շահագործման արդյունավետ եղանակն ու աշխատանքի անվտանգության կանոնները:
Իհարկե, շատ ավելի հզոր մեքենաներ էլ կան համակարգում, սակայն Rioned-ի համար էլ գործ կգտնվի Երևանում: Հատկապես եթե խոսքը բակային տարածքների կոյուղու ցանցն ու դիտահորերը մաքրելու մասին է, կամ դպրոցներին, մանկապարտեզներին ու այլ հաստատություններին օգնության ձեռք մեկնելուն: Նման փոքրածավալ ու օպերատիվ միջամտություն պահանջող աշխատանքների պարագայում նոր տեխնիկան անփոխարինելի է: Արդեն առաջիկայում UAZ Profy-ները՝ Rioned համալիրով «դուրս կգան աշխատանքի»: