Ցայտաղբյուրների ջրի կորուստը կնվազի

«Վեոլիա ջուր» ընկերությունը սկսել է ցայտաղբյուրների փականային նոր համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը։ Նախատեսվում է Երևանի տարբեր հատվածներում ընդհանուր թվով 48 ցայտաղբյուրի վրա փականներ տեղադրել՝ ընկերության միջոցներով:
 
Ցայտաղբյուրների փականային նոր համակարգը թույլ է տալիս ձեռքի թեթև հպումով կրկին վերականգնել ջրի հոսքը, իսկ հեռանալուց հետո այն դանդաղ կմարի: Մայրաքաղաքում իրականացվող ծրագրի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել:
 
Երևանը՝ ցայտաղբյուրների մայրաքաղաք

Ցայտաղբյուրները Երևանի այցետոմսն են և կենսական նշանակություն ունեն Հայաստանի արևային մայրաքաղաքի համար։

Դեռևս նախորդ դարի սկզբից Երևանում մեծ տարածում գտավ այնպիսի հուշարձան-աղբյուրների կառուցումը, ինչպիսիք դժվար է գտնել որևէ այլ երկրում և այսօր ցայտաղբյուրները ոչ միայն ամռան շոգին ծարավը հագեցնելու ջրի սառնորակ աղբյուր են, այլև համարվում են Երևանի յուրահատուկ խորհրդանիշը: Զբոսաշրջիկին հատկապես զարմացնում է, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր փողոցում ու բակում կարելի է ջուր խմել`առանց վճարելու: Իսկ Երևանյան ցայտաղբյուրներն առանձնանում են քաղցրահամ ու սառնորակ ջրով։
 
Փականային համակարգ՝ ջրի տնտեսում
 
Փականային նոր համակարգը նոր որակ կհաղորդի Երևանի ցայտաղբյուրներին և, չխաթարելով դրանց կանոնավոր աշխատանքը, միաժամանակ կտնտեսի հայկական լեռներից եկող քաղցրահամ ջուրը:

«Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որինպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել փականային համակարգի ներդրման միջոցով»:
 
ՀՀ Կառավարության Աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան էջում արված այս գրառումը զգալի հետաքրքրություն էր առաջացրել հանրության շրջանում։
 
Հարցադրման հրատապությունն ակնհայտ էր, քանի որ ջրի մեծ մասը կորում է աննպատակ: Հետևաբար, որքան կարևոր էր ցայտաղբյուրների կանոնավոր աշխատանքի ապահովումը, նույնքան էլ՝  քաղցրահամ ջրի տնտեսումը:
 
Խնդրի լուծման նպատակով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն սկսել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է քաղաքի տարբեր հատվածներում ընդհանուր առմամբ 48 ցայտաղբյուրի վրա փական տեղադրել: Այն իրականացվում է ընկերության միջոցներով և ծախսը մեկ փականի հաշվով յոթ հազար դրամ է կազմում։  

Հուշարձան-աղբյուրներն արդեն ջուր են տնտեսում
 
«Մեկ օրում արդեն հասցրել ենք 8 հատ այսպիսի փական տեղադրել, շատ հարմար բան է բոլոր առումներով», - ասում է փականագործ Արտուշ Հարությունյանը:
 
«Վեոլիա ջուր» ընկերության «Կենտրոն» տեղամասի մասնագետները ցայտաղբյուրի վրա փական են տեղադրում Թումանյան փողոցում՝ մեծ Վարպետի տուն-թանգարանի հարևանությամբ: Աշխատանքը երկար չտևեց, քանի որ մասնագետները բազմահմուտ էին։ Օպերայի բակում նոր համակարգի ներդրման աշխատանքներին հետևում էր նաև ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանը:
 
«Միջին ճնշմամբ, միջին թողունակությամբ ցայտաղբյուրն օրական ծախսում է 3-5 խորանարդ մետր ջուր։ Այս նորամուծության շնորհիվ ծախսը նվազում է գրեթե 10 անգամ»։

Մայրաքաղաքի շուրջ 3000 ցայտաղբյուրները միասին տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր ջուր են օգտագործում:
 
Ակնհայտ է, որ համակարգի ներդրման դեպքում ջրի տնտեսումն առավել քան շուշափելի է լինելու: Սակայն կարևոր է նաև փականներին խնամքով վերաբերվելը:
Պիլոտային ծրագրի շարունակության հավանականությունը զգալիորեն կախված է նորամուծությանը սպառողների վերաբերմունքից:
 
Բնակիչների արձագանքն, իհարկե, միանշանակ չէ։ Շատերը կողմ են, ոմանք էլ կարծում են, որ ջուրը մշտապես հոսելու դեպքում կարող է միայն  սառը լինել: Մինչդեռ սարերից Երևան հասնող ջուրն առանց այդ էլ սառն է, բարձրորակ ու հաճելի:

Գործը նոր է թափ առնում, սակայն փականից դժգոհողները որոշ վայրերում արդեն հասցրել են վնասել ծորակները: