Տիգրան Ավինյան – Մալիկա Գենդուրի հանդիպում

ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը Վեոլիա Գրուպ ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գոտու գործադիր փոխնախագահի տեղակալ, Հայաստանի հարցերով տնօրեն Մալիկա Գենդուրիի հետ:

Փոխվարչապետը կարևորել է Վեոլիա Գրուպ ընկերության գործունեությունը Հայաստանում՝ շեշտելով դրա շարունակականության անհրաժեշտությունը և Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը նոր ներդրումներ ներգրավելու հարցում: Նա ընդգծել է, որ ջրային ոլորտում տարվող քաղաքականությունն արդյունավետ կլինի ՀՀ կառավարության և ընկերության սերտ գործակցությամբ: Տիգրան Ավինյանը հավելել է, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով մի շարք ծրագրեր են անավարտ մնացել, որոնք առաջիկայում պետք է շարունակվեն և կոնկրետ արդյունքներ ունենան: Փոխվարչապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ջրային համակարգի բարելավման խնդրի վրա՝ շեշտելով հատկապես արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:

Մալիկա Գենդուրին իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ կառավարության հետ համատեղ հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև կայունացնել կողմերի միջև կնքված համաձայնագիրն ու ամբողջ ծավալով կյանքի կոչել այն:

Կողմերն անդրադարձել են նաև սակագնի հարցին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանն ու դրանց որակի բարձրացման հնարավորություններին:

Մալիկա Գենդուրին Հայաստան այցի շրջանակներում նաև հանդիպել է ՀՀ ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ ու քննարկել Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններին, սպասարկման որակի ցուցանիշներին, ներդրումային ծրագրերին և սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր: