«Վեոլիա ջուր» ընկերության շուրջ վեց տասնյակ աշխատակիցներ վերապատրատվեցին և ստացան ավարտական վկայականներ։
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» Հիմնադրամը (ՖՀՄՈՒԿ) մասնագետներ է վերապատրաստում «Վեոլիա ջուր» ՓԲԸ համար:

2018թ.-ից ֆրանսիական «Վեոլիա Գրուպի» կազմում գործող «Վեոլիա Հիմնադրամի» միջոցներով տեխնիկապես հագեցած հարմարավետ լսարաններում դասավանդվում են նոր առարկաներ ընկերության աշխատակազմի համար:
Ուսումնական ծրագրերն առավելագույնս հարմարեցվել են ֆրանսիական «Վեոլիա Գրուպի» չափանիշներին: Լիոն քաղաքի Ուսումնական Կամպուսից ստացված մասնագիտական գրականությունն ու կրթական ծրագրերը «Վեոլիա ջուր» ՓԲԸ Շահագործման, Առեւտրային եւ Որակի, առողջապահության ու անվտանգության ծառայությունների կողմից վերամշակվել են եւ հարմարեցվել հայաստանյան իրականությանը։ Ուստի ՖՀՄՈՒԿ-ի մասնագետների հետ միասին դասավանդում են նաև վերոհիշյալ ծառայությունների ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ երեք տարվա ընթացքում նախատեսվում է փուլ առ փուլ վերապատրաստել 600 աշխատակցի: Դասընթացները բանվորական ու ինժեներական աշխատակազմի համար շարունակվում են 3 ամիս, իսկ մասնագետ-տեսուչների համար՝ 2 ամիս:
Օրերս հանդիսավոր պայմանններում ավարտական Վկայականներ ստացավ շրջանավարտների հերթական հոսքը: Ընդհանուր առմամբ մոտ 60 աշխատակից, որոնք ներկայացնում էին «Արևելք» ու «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինություններն ու Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրինությունը: Եթե նախկինում վերապատրաստվում էին միայն մասնագետ-տեսուչներն ու ջրմուղագործ բանվորները, ապա այս անգամ նրանց միացավ ինժեներա-տեխնիկական կազմը:

Դասընթացներին մասնակից շուրջ երկու տասնյակ խմելու ջրով զբաղվող աշխատողներ ստացան տեղեկատվություն օգտագործվող խողովակների, դրանց տեսակների, տեխնիկական առանձնահատկությունների, ջրագծերի կառուցման ու շահագործման առանձնահատկությունների, աշխատանքերում կիրառվող տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների մասին: Նույն հարցերի շուրջ, սակայն ավելի բարձր մակարդակով դասախոսություններ լսեցին և իրենց գիտելիքները ստուգեցին ու լրացուցիչ տեղեկություններ ստացան գրեթե նույնքան ինժեներատեխնիկական աշխատողներ: Իսկ 20 մասնագետ-տեսուչներ ընդլայնեցին իրենց գիտելիքները ջրաչափերի կառուցվածքի, դրանց տեխնիկական չափանիշների, շահագործման առանձնահատկությունների ու ջրի ծախսը գրանցելու կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ հմտացան բաժանորդների սպասարկման, աշխատավայրում սթրեսի կառավարման եւ հաղորդակցության գործում:

Օրվա առթիվ ջրմուղագործներին ողջունեցին ու հետագա աշխատանքում հաջողություններ մաղթեցին ՖՀՄՈՒԿ-ի գործադիր տնօրեն Գոհար Գրիգորյանն ու «Վեոլիա ջուր» ՓԲԸ Որակի, առողջապահության և անվտանգության ծառայության պետ Դավիթ Ադամյանը: Երեկվա շարքային բանվորը, տեսուչն ու ինժեներն այսօր արդեն դարձան լիարժեք մասնագետներ իրենց ոլորտներում:
Նրանց պարգևատրելու գործում անմասն չմնաց նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրինությունը: Քննությունններին առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած աշխատակիցների աշխատավարձը կբարելավվի՝ ի շահ ընդհանուր գործի: