Հաճախ ջրանջատումների մասին հայտարարությունները մեր սպառողների կողմից բացասաբար են ընկալվում, ինչը լիովին հասկանալի է։ Սակայն կան աշխատանքներ, որոնց իրականացումը պահանջում է ժամանակավոր ջրանջատում, բայց որը երկարաժամկետ առումով նպաստում է ջրամատակարարման համակարգի բարելավմանը։ Նման աշխատանքների ընթացքում ՎեոլիաԹիմը կանխում է ջրակորուստները և խնայված ջուրը վերադարձնում գործող համակարգ։ Վեոլիա Ջուր ընկերության սպասարկման տարածքում դեռևս կան բնակավայրեր, որտեղ նախկինից ժառանգված, այսօր արդեն չգործող ջրագծերով ջուրը շարունակում է կորչել։ Ընկերությունը փուլ առ փուլ հայտնաբերում և խցափակում է դրանք՝ վերացնելով տարիներով կուտակված խնդիրները։
Օրեր առաջ Էջմիածնում խցափակվեց չգործող ջրագիծ, որով վայրկյանում կորչում էր 3-4 լիտր ջուր։ Այսօր հերթական նման դեպքն է արձանագրվել Էջմիածնի Սպանդարյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում։ Նախնական ուսումնասիրությամբ «Էջմիածին» շահագործման տեղամասի մասնագետները հայտնաբերել էին մեկ ջրագիծ, սակայն ասֆալտի ծածկը բացելուց հետո պարզվեց, որ դրա տակ կան ևս չորս չգործող ջրագծեր։ Ջրակորուստը կանխելու և խնդիրը վերացնելու համար հայտարարվել է ջրանջատում, որից անմիջապես հետո մեկնարկել են խցափակման աշխատանքները։