Խցանումներից արմատական լուծումներ. Վեոլիան վերակառուցում է Նորաշեն 46 հասցեի կոյուղագիծը

սդֆետգ
տըհտ

Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 46 շենքի բակում լուծվում է տարիներ շարունակ բնակիչներին անհանգստացնող կոյուղու խնդիրը։ Գործող կոյուղագիծն անցնում էր կանաչապատ տարածքով, ինչի հետևանքով ծառերի արմատները ներթափանցել էին խողովակաշար և խոչընդոտում էին կոյուղու բնականոն հոսքը։ Արդյունքում խցանումները պարբերաբար կրկնվում էին՝ ամիսը մի քանի անգամ, իսկ դրանց վերացումը հաճախ անհնար էր դառնում։ Խցանումների հետևանքով կոյուղաջրերը լցվում էին շենքի նկուղ՝ առաջացնելով հակասանիտարական վիճակ և լուրջ անհարմարություններ բնակիչների համար։ Ստեղծված իրավիճակը պահանջում էր ոչ թե ժամանակավոր, այլ արմատական և երկարաժամկետ լուծում։ Խնդիրը կարգավորելու նպատակով Վեոլիա Ջուր ընկերության «Աջափնյակ» շահագործման տեղամասը վարչական շրջանի աշխատակազմի հետ համատեղ իրականացնում են շրջանցող կոյուղագծի կառուցման աշխատանքներ։ Նախագծի շրջանակում կկառուցվի 40 գծամետր կոյուղագիծ, ընդ որում՝ անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրվել են ընկերության կողմից։ 

վբ ֆդֆե

Աշխատանքների ավարտից հետո կբացառվեն պարբերաբար կրկնվող խցանումները, կվերանա հակասանիտարական վիճակի առաջացման վտանգը և կապահովվի կոյուղու համակարգի հուսալի ու անխափան շահագործումը։Նշենք նաև, որ վերջին ութ ամիսների ընթացքում Վեոլիա Ջուր ընկերությունը վարչական շրջանների հետ համատեղ իրականացրած ծրագրերի շրջանակում Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում կառուցել է շուրջ 1000 գծամետր, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ շուրջ 800 գծամետր կոյուղագիծ։ Բացի համատեղությունից, ընկերության «Մաշտոց» և «Շահումյան» շահագործման տեղամասերը սեփական ուժերով իրականացրել են ևս 200 գծամետր կոյուղագծերի փոխարինման աշխատանքներ՝ լուծելով բազմաթիվ խնդրահարույց հատվածների հարցեր։