Կապանում 24-ժամյա որակյալ ջրամատակարարում ապահովելը հեշտ գործ չէ. բարդ ռելիեֆի պատճառով այստեղ վթարները շատ են՝ հատկապես մեծ է գաղտնի վթարների թիվը, երբ ջուրը գետնի մակերես դուրս չի գալիս։ Այդուհանդերձ 173 կմ ջրագիծ, 43 կմ կոյուղագիծ և ավելի քան 14,000 բաժանորդ սպասարկող Վեոլիա Ջուր ընկերության «Կապան» շահագործման տեղամասն ամենօրյա աշխատանք է տանում վթարները վերացնելու և ջրակորուստը կանխելու ուղղությամբ։ Գոտիավորման մասնագետները հատուկ տեխնիկայով գիշեր-ցերեկ աշխատում են քաղաքում, հայտնաբերում անտեսանելի վթարները, որից հետո էլ տեղամասի աշխատակիցները վերացնում են դրանք։
Վերջերս Մ2 մայրուղում՝ 400 մմ տրամագծով 32 կմ երկարությամբ Չանախչի-Կապան ջրատարի վրա իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվեց, որ «Չանախչի» մաքրման կայանից մատակարարված ջրաքանակն ու սպառողների փաստացի ծախսը անհամեմատելի են։ Ջրաչափումների և հատուկ սարքավորումներով «լսումների» շնորհիվ հայտնաբերվեց 3 գաղտնի վթար՝ 13 լ/վ, 3 լ/վ և 2 լ/վ ջրաքանակի կորստով։ Եվ այսպես ամբողջ բաշխիչ ցանցն է գտնվում ՎեոլիաԹիմի ամենօրյա վերահսկողության տակ։ Այս աշխատանքները կենսական նշանակություն ունեն քաղաքի համար, քանի որ՝
ամռանը՝ ջրի մեծածավալ սպառման շրջանում, խնայված ջրաքանակը թույլ կտա բազմաբնակարան շենքերի վերջին հարկերում բավականաչափ ճնշում ապահովել,
Ձմռանը, երբ ակունքները սառչում են և քաղաք մտնող ջրաքանակը նվազում է, կանխված կորուստների հաշվին կկարողանանք անխափան պահպանել սահմանված 24-ժամյա գրաֆիկը։
Չանախչի-Կապան ջրատարից հետո մեր մասնագետները անցնելու են Գեղի-Կապան ջրատարի ուսումնասիրմանը։Ջրակորուստի դեմ Վեոլիա Ջուր ընկերության ամենօրյա աշխատանքները շարունակվում են։