«Վեոլիա Ջուրը» բարեկարգում է Մարտունու ջրամատակարարման ցանցը

Վեոլիա Ջուր ընկերության «Հարավ» շահագործման տնօրինության «Մարտունի» տեղամասը սեփական ուժերով Մարտունի քաղաքի Աբովյան փողոցում սկսել է 2550 գծամետր ջրագծի կառուցման աշխատանքներ:

Բանն այն է, որ 2017 թվականից մինչև այսօր Մարտունի քաղաքի ջրամատակարարման գույքը հանձնված չէր Ընկերությանը: Միայն վերջերս, քաղաքի ավագանու որոշումից հետո, երբ ցանցի շահագործումը հանձվեց Վեոլիա Ջուր ընկերությանը, օրերի ընթացքում Վեոլիաթիմը այստեղ մեծ ջրաշինարարական աշխատանքներ սկսեց:

Իսկ քանի որ Աբովյան փողոցով է անցնում Մ10 Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը, որտեղ նախատեսված են բարեկարգման աշխատանքներ, Վեոլիաթիմը սկսեց հենց այս փողոցից:

Փողոցի 1960-ական թվականներին կառուցված քայքայված, կոռոզիայի ենթարկված ջրագծերի պատճառով վայրկյանում կորում էր 8 լիտր ջուր:

Ընդհանուր ջրագիծն ու մուտքագծերը կառուցելուց հետո 120 բաժանորդ կունենա կանոնավոր, հուսալի և որակյալ ջրամատակարարում, իսկ Վեոլիա ջուրը կառավարելի բաշխիչ ցանց, ջրաքանակի տնտեսում, շահագործման ծախսերի կրճատում:

Բայց Մարտունիում Վեոլիայի գործունեությունը այսքանով չի ավարտվում: Մինչև տարեվերջ  քաղաքի տարբեր փողոցներում նախատեսվում է կառուցել 13 կմ ջրագիծ: