Եղվարդ քաղաքի Երևանյան թաղամասում 17 բազմաբնակարան և 40 հասարակական նշանակության շենքերի համար վերակառուցվում է 1500 գծամետր ջրագիծ, նույնքան էլ կոյուղագիծ: Սա Եղվարդում Վեոլիա Ջուր-համայնք համատեղ 6-րդ ծրագիրն է, որի շրջանակում ասֆալտապատման աշխատանքներից առաջ, ըստ անհրաժեշտության, փոխարինվում են ջրագծերը և կոյուղագծերը: Վթարներ, ապօրինի միացումներ և խորհրդային տարիներից մնացած հին համակարգ. սրանք այն հիմնական պատճառներն են, որոնք խոչընդոտում են սպառողներին ունենալ կանոնավոր ջրամատակարարում: Մինչդեռ թաղամասին տրվում է վայրկյանում 28 լիտր ջուր, որի գրեթե կեսը կորչում էր դեպի սպառող հասնող ճանապարհին: Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նոր համակարգով ջրաքանակը հասնել 15 լիտր/վայրկյանի, ինչը թույլ կտա նույնիսկ վերջին հարկերում ապահովել բավարար ճնշում: Հիմնական աշխատանքին զուգահեռ «Նոր Հաճն» շահագործման տեղամասը վերացնում է նաև հին ջրագծերի վրա առկա վթարները, իսկ գոտիավորման մասնագետները փնտրում և գտնում են գաղտնի վթարները՝ հետագայում ասֆալտի շերտը քանդելուց և վթարներ վերացնելուց խուսափելու համար: Այս պահին Երևանյան թաղամասին զուգահեռ վերակառուցվում են նաև Շահումյան, Սպանդարյան, Կոմիտասի և Իսահակյան փողոցների ջրագծերը և կոյուղագծերը: Ավելի ուշ աշխատանքները կսկսվեն նաև Շինարարների փողոցում: Գրեթե ամբողջ քաղաքն ընդգրկող աշխատանքների արդյունքում ամռան տապին եղվարդցիները կունենան որակյալ և բարձր ճնշմամբ ջրամատակարարում, ինչպես նաև անխափան գործող կոյուղատար համակարգ: