«Վեոլիա Ջուր» ընկերությունը վերակառուցում է Վեդիի խնդրահարույց կոյուղատարի հատվածը

ըիկւըհկ
֏ւըյըտիկ

Արարատի մարզի Վեդի քաղաքում լուծում է ստանում տարիներ շարունակ բնակիչներին անհանգստացնող կոյուղատար համակարգի խնդիրը։ Քաղաքի Առաքել Մովսիսյան հրապարակի հարակից տարածքից սկիզբ առնող կոյուղատար համակարգի մի հատված տարիներ շարունակ համարվել է խնդրահարույց։ 250 մմ տրամագծով կոյուղատարը, հասնելով այս հատված, անհասկանալի նախագծային լուծման պատճառով շարունակվում էր ընդամենը 133 մմ տրամագծով մետաղական խողովակով։ Տրամագծի նման կտրուկ փոփոխությունը չէր ապահովում կեղտաջրերի բնականոն հոսքը, ինչի հետևանքով պարբերաբար առաջանում էին խցանումներ և արտահոսքեր։ Ժամանակի ընթացքում խողովակաշարի այս հատվածը խիստ մաշվել և վնասվել էր, ինչն էլ ավելի էր խորացնում խնդիրը։ 

ըհւյ

Երկարաժամկետ լուծում ապահովելու նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրատապ ծրագրով սկսել է խնդրահարույց հատվածի վերակառուցումը։ Աշխատանքների շրջանակում 40 գծամետր խողովակաշարը փոխարինվում է 250 մմ, իսկ հաջորդ 60 գծամետրը՝ 400 մմ տրամագծով նոր խողովակներով։ Ծրագրի ավարտից հետո Առաքել Մովսիսյան հրապարակից դեպի քաղաքի վերին հատված խցանումների պատճառները կվերացվեն։ Կբարձրանա կոյուղատար համակարգի թողունակությունը, կկարգավորվի կեղտաջրերի անխափան հոսքը և զգալիորեն կնվազի արտահոսքերի առաջացման վտանգը։

յւհկ

 Սակայն համակարգի արդյունավետ աշխատանքը կախված է նաև դրա ճիշտ շահագործումից։ Կոյուղատար ցանցը նախատեսված է բացառապես կեղտաջրերի հեռացման համար, և դրա ոչ նպատակային օգտագործումը կարող է կրկին խցանումների պատճառ դառնալ։ Յուրաքանչյուրի պատասխանատու վերաբերմունքը կօգնի պահպանել կատարված աշխատանքի արդյունքը, ապահովել համակարգի անխափան շահագործումը և երկարաժամկետ արդյունավետությունը։