Վարդենիսի ջրամատակարարման ցանցը ևս հանձնվեց Վեոլիա ջրին

Վարդենիս քաղաքի ավագանու որոշմամբ՝ այստեղ ևս ջրամատակարարման համակարգի ամբողջ ցանցի շահագործումը հանձնվեց Վեոլիա ջուր ընկերությանը:

Որոշումից անմիջապես հետո, Ընկերությունը 96 միլիոն դրամի ներդրում կատարեց, քաղաքի խնդրահարույց թաղամասում՝ Բանդերում ջրամատակարարման ցանցի արդիականացման համար:

Թաղամասը սնող հին ու քայքայված թուջե, մետաղական ջրագծերն անցնում էին ոռոգման առուների միջով, որը շահագործելը ոչ միայն բարդ էր, այլ նաև վտանգավոր: Դրա համար «Վարդենիս» շահագործման տեղամասը վթարների դեպքում, իսկ դրանք այստեղ անընդհատ են, աշխատանքներն իրականացնում է բարդ պայմաններում՝ առանց ջրանջատման՝ խուսափելով հակահամաճարակային իրավիճակից:

Սակայն այս ամենը շուտով կմնա անցյալում, որովհետև 11 փողոց ներառող Բանդեր թաղամասի 800 բաժանորդի համար «Վարդենիս» տեղամասը արդեն սկսել է 3350 գծամետր նոր ջրագծի և մուտքագծերի կառուցման աշխատանքները: Դրանից հետո  բաժանորդների ջրաչափերը կտեղափոխվեն սահմանազատման կետում կառուցված ջրաչափական հորեր:

Ամենաբարդ՝ ճահճուտային հատվածը մասնագետներն արդեն անցել են՝ կառուցելով 610 մետր: Ձմռան ամիսներին ջրագծերի սառեցումներից խուսափելու համար ջրագծերը կառուցվում են 1,5 մետր խորության վրա՝ պահպանելով շինարարական  բոլոր չափորոշիչները:

Աշխատանքների արդյունքում կունենանք կառավարելի համակարգ, որակյալ, անխափան, համապատասխան ճնշմամբ ջրամատակարարում, որը թույլ կտա սպառողներին հրաժարվել  անհատական պոմպերից: Բացի դա,  հնարավոր կլինի տնտեսել վայրկյանում 50-60 լիտր ջուր, որն էլ կուղղվի Վարդենիս քաղաքի բաշխիչ ցանց: