«Վեոլիա Ջուր»-Երևանի քաղաքապետարան համագործակցությամբ Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում և Ավանեսովի 2-րդ նրբանցքում նորով են փոխարինվում քայքայված և վթարային վիճակում գտնվող կոյուղագծերը: Տիտոգրադյան փողոցի մաշված կոյուղագծի հետևանքով հաճախակի են խցանվում նաև Ավանեսովի 2–րդ նրբանցքի 160 դպրոցի ու թիվ 10 մանկապարտեզի, հարակից շենքերի կոյուղագծերը։ Գրեթե ամեն շաբաթ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները այս հասցեներից կոյուղատարի վթարի ու խցանման ահազանգեր են ստանում։ Սակայն միշտ չէ որ ստացվում է խնդիրներին արագ արձագանքել, քանի որ կոյուղագծերը հայտնվել են ավտոտնակների տակ: Իսկ քանի որ Երևանի քաղաքապետարանը Տիտոգրադյանում միջին նորոգման աշխատանքներ են նախատեսում, ուստի որոշվեց լուծել բոլոր խնդիրները, որպեսզի հետագայում ասֆալտ քանդելու անհրաժեշտություն չառաջանա։ Այժմ Տիտոգրադյան փողոցում նոր՝ 400 մմ-ոց պոլիէթիլենե խողովակաշարով է փոխարինվում 200 գծամետր, իսկ դրանից հետո՝ Ավանեսովի 2-րդ նրբանցքում՝ 500 մետր հատված կփոխարինվի 300 մմ-ոց պոլիէթիլենով: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ մեկ ամսից, որից հետո այս հասցեներում կլուծվի տարիների պատմություն ունեցող ևս մեկ խնդիր: Սակայն այս բոլոր աշխատանքներում ամենակարևորը բնակիչների իրավագիտակցության բարձրացումն է: Կարևոր է գիտակցենք այս հսկայածավալ աշխատանքների դժվարություներն ու մեծ ծախսերը և նպատակային օգտագործենք կոյուղին, որ այն հնարավորինս երկար ծառայի։