Տեղի է ունեցել ջրային ոլորտի խնդիրների հասցեագրմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

հյհ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 22.07.2024թ-ի N690-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նիստի մասնակիցները քննարկել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցելու ոլորտում ունեցած հարաբերությունների զարգացման և առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակները: Մասնավորապես՝ քննարկվել են խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման կամ վերակառուցման շարունակական աշխատանքները, ինչպես նաև տարբեր ջրաղբյուրներից ջրառի ներգրավման հնարավորությունը՝ նպատակ ունենալով բարելավել Երևան քաղաքի և մարզերի բնակավայրերի կայուն խմելու ջրամատակարարումը և պատշաճ ջրահեռացումը: Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ջրային ոլորտում ռազմավարական մոտեցումների շարունակական զարգացման ու արդյունավետ ներդրումների ապահովման անհրաժեշտությունը՝ այդ ուղղություններով տալով համապատասխան հանձնարարականներ: