Սկսվել է անձրևատարների սեզոնային մաքրումը

Դրանց ընդհանուր երկարությունը 350 կմ է, այդ թվում 320 կմ-ը՝ Երեւանում

Գործող կարգի համաձայն Վեոլիա Թիմը տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը մաքրում է Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի կողմից սպասարկվող բնակավայրերի անձրեւաջրերի հեռացման համակարգը:

Դիտահորերը մաքրվում է կուտակված աղբից, վերացվում են խցանումները, անհրաժեշտության դեպքում տեղադրվում են բացակայող ճաղավանդակները, իսկ վնասվածները փոխարինվում: Դրա շնորհիվ անձևատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին: Իսկ անձրևաջրերի քրոնիկ կուտակումների տեսակետից առավել խոցելի վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության:

Այս ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերության շահագործման տեղամասերում ձեւավորվել է հատուկ բանվորական անձնակազմ, որը գործում է ըստ գրաֆիկի՝ մաքրելով համակարգի ինժեներական կառույցները թաղամաս առ թաղամաս:

Իսկ հիմնականում գարնանն ու աշնանն են մաքրվում անձրևատարները, որովհետև խոսքը տեղումներով առատ ժամանակաշրջանի մասին է, ինչով պայմանավորված ավելանում է ծանրաբեռնվածությունը համակարգի վրա: Հավաքվող անձրևաջրերը հնարավորինս հընթացս հեռացնելու և դրանց կուտակումներ թույլ չտալու համար հարկ է, որ անձրատարներն ունենան բարձր թողունակություն, հետևաբար դրանք պետք է մաքուր լինեն:

Վեոլիա Ջուր ՓԲԸ շահագործման տեղամասերը աշխատում են ապահովել համակարգի սահուն աշխատանքը՝ բնակավայրերում քաղաքացիներին և տրանսպորտին պատճառվող անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար: