ՊԿԱԾ-2026. Արարատի մարզի երեք բնակավայրերում վերակառուցվում են ջրամատակարարման համակարգերը

դոսդց
ֆդցղ

Վեոլիա Ջուր ընկերությունը շարունակում է 2026 թվականի Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը (ՊԿԱԾ). այս անգամ Արարատի մարզի Ձորակ, Արևշատ և Լանջազատ բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի լայնածավալ վերակառուցում է ընթանում։ 274 մլն դրամ ներդրմամբ կվերակառուցվի 9 կմ ջրագիծ, սահմանազատման կետերում կտեղադրվի 200 ջրաչափական հոր, ինչի արդյունքում կնվազեն տեխնիկական և կոմերցիոն հոսակորուստները, կբարձրանա ջրամատակարարման համակարգի կառավարելիությունը և կապահովվի շուրջ 29 լիտր/վայրկյան ջրի խնայողություն։ Ծրագրի առաջին խոշոր աշխատանքներն իրականացվում են Ձորակ բնակավայրում, որտեղ ներդրվել է 90 մլն դրամ։ Տարիներ շարունակ գյուղը սնուցող 3.2 կմ երկարությամբ ջրատարն անցնում էր ճահճուտային և դժվարանցանելի տարածքներով, ինչի պատճառով նույնիսկ փոքր վթարների դեպքում վերականգնողական աշխատանքներ իրականացնելը հաճախ անհնարին էր լինում։ Իրավիճակն ավելի էին բարդացնում մաշված բաշխիչ ցանցը, սեփականատիրական տարածքներով անցնող ջրագծերը, ապօրինի միացումներն ու զգալի հոսակորուստները, որոնք հատկապես ամռան ամիսներին հանգեցնում էին ջրի ճնշման կտրուկ անկման։ Այժմ կառուցվում է շուրջ 1.5 կմ երկարությամբ նոր ջրատար, որն անցնում է ճանապարհի եզրով՝ ապահովելով համակարգի անվտանգ շահագործումն ու անխափան սպասարկումը։ Միաժամանակ վերակառուցվում է բնակավայրի շուրջ 3.1 կմ երկարությամբ բաշխիչ ցանցը, իսկ սահմանազատման կետերում տեղադրվում են 90 ջրաչափական հորեր։ Աշխատանքների ավարտից հետո էապես կնվազեն ջրակորուստները, կբարելավվի ջրամատակարարման հուսալիությունը, իսկ բնակիչները կապահովվեն առավել կայուն և որակյալ ջրամատակարարմամբ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 12 ամսվա ընթացքում։ Մյուս բնակավայրերում ընթացող աշխատանքների մասին կպատմենք հաջորդիվ: