
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Պարտադիր Կապիտալ աշխատանքների 2025թ-ի ծրագիրը հասավ Արմավիրի մարզի Արագած գյուղ: Ընկերությունը ներդնելով 347 միլիոն դրամ՝ այստեղ 680 բաժանորդի համար սկսել է 16 կմ ջրագծի վերակառուցման աշխատանքներ:
Հին ու քայքայված պողպատե և թուջե խողովակաշարերը, որոնք կառուցվել են դեռևս 1980-ականներին, այլևս անկարող էին ապահովել հուսալի ջրամատակարարում: Համակարգը տարիների ընթացքում տեխնիկապես ամբողջությամբ քայքայվել էր: Ամսական գրանցվում էր մոտ 30 վթար, որոնք բոլորն էլ լինում էին գաղտնի: Իսկ դրանց վերացումը շատ ժամանակ և ռեսուրսներ էր պահանջում: Այս ամենի հետ մեկտեղ էլ, ջրագծերը անցնում էին անհատական տնատիրությունների տարածքներով, առկա էին բազմաթիվ ապօրինություններ:
Խնդիրների արմատական լուծման համար ընկերությունը մայիս ամսին մեկնարկել է վերակառուցման աշխատանքները և նախատեսում է ավարտել 2026թ-ի գարնանը: Արդյունքում կբարելավվի ջրամատակարարումն ու ջրի որակը, կկարգավորվեն ճնշումները, իսկ որ ամենակարևորն է՝ կկանխվի վայրկյանում 13 լիտր ջրի կորուստ: