Ուզբեկստանի էներգետիկ խումբը Վեոլիա Ջուր ընկերությունում

frtgtg

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում  տեղի էր ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի հետ։ Վերջիններս ցանկություն էին հայտնել հանդիպելու նաև Վեոլիա Ջուր ընկերության ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու Վեոլիա Գրուպի նախաձեռնած՝ փոքր հիդրոէլեկտրակայանի և այլընտրանքային էներգետիկ ծրագրերի նախագծման և իրականացման գործընթացին: Վեոլիա Ջուր ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանն ընդունեց Ուզբեկստանի էներգետիկ խմբին։ Հանդիպմանը մասնակցում էին ՀԲ ներկայացուցիչ Յորն Հունթեյլերը, ՀԲ խորհրդատու Աբգար Բուդաղյանը, ՀԲ էներգետիկ փորձագետները, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության, պետական մարմինների և առևտրային բանկերի ներկայացուցիչներ։ Ընկերության գլխավոր տնօրենը մանրամասն ներկայացրեց ընկերության որդեգրած քաղաքականությունը՝ բացառապես սեփական կարիքների համար էներգիայի արտադրության և վերջինիս արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Պատվիրակության անդամներին ներկայացվեցին նաև ոլորտում ձևավորված փորձն ու իրականացվող ծրագրերը։ Տիկին Շահինյանն առանձնահատուկ խոսեց հաջողության գրավական պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ վերոնշյալ ծրագրերին պետական մարմինների կողմից աջակցությունը էապես խթանում է ոլորտում իրականացվող ներդրումները: Հանդիպման ընթացքում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում պատվիրակության անդամները հետաքրքրվեցին ընկերության ընդհանուր փորձառությամբ, իրականացված ծրագրերով և էներգետիկ ոլորտում կիրառվող մոտեցումներով: Այնուհետև պատվիրակությունն այցելեց ընկերության կառուցած «Նոր Հաճն» փոքր հիդրոէլեկտրակայան, որտեղ Էներգետիկ ծառայության ղեկավար Կարեն Ավետիսյանը ներկայացրեց կայանի կառուցման ժամկետները, հզորությունը և արտադրվող էներգիայի ծավալները։ Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի անդամները Վեոլիա Ջուր ընկերությունից հեռացան դրական և ոգևորիչ տպավորություններով՝ բարձր գնահատելով իրականացվող ծրագրերը, մասնագիտական մոտեցումն ու համագործակցության ներուժը։