Օգոստոսի վերջին Վեդիին տրվող ջրաքանակը կավելանա վայրկյանում մոտ 6 լիտրով

Վեդին հիմնականում ջուր է ստանում 41 կմ հեռու գտնվող Ջերմանիսի աղբյուրներից՝ վայրկյանում մոտ 40 լիտր քանակությամբ: Ամռանը շոգերի հետ կապված այն չի բավականացնում: Դրա համար էլ Վեոլիան մշտապես փորձում է գտնել քաղաքի ջրամատակարարման բարելավման նոր միջոցներ:

Մասնավորապես, անցյալ տարի զգալի գործ արվեց այստեղ. Թե՛ թվով երկու նոր օրվա կարգավորիչ ջրամբար կառուցվեց, թե՛ ջրագծերը շատ փողոցներում փոխարինվեցին ու հոսակորուստը նվազեց: Դրա շնորհիվ իրավիճակը զգալիորեն բարելավվեց, սակայն լրացուցիչ ջրի կարիք միևնույն է զգացվում է: Դրա համար վերջերս Վեոլիայի շահագործման և տեխնիկական ծառայությունների ղեկավարները լրացուցիչ ուսումնասիրություն կատարեցին Ջերմանիսում ու պարզեցին, որ ջրաղբյուրի թվով երեք տեղամասերից մեկում՝ «Արջանոցում» կա 2 փոքրիկ վտակ, որ հնարավոր է միացնել ընդանուր խողովակաշարին: Ջուրն էլ թավշյա է. եթե այսօր մատակարարվող ջրի հանքայնությունը 1,0 մգ է, ինչն ինքնին շատ բարձր ցուցանիշ է, ապա կոնկրետ այս վտակներինը՝ 0,75: Մնում է 1,5 կմ երկարությամբ 110մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշար կառուցել ու  ջրահավաքները /կապտաժ/ նորոգել:

Խնդիրը տեխնիկապես մեծ դժվարություն չի ներկայացնում, սակայն աղբյուրները հեռու են ու տեղանքն է շատ բարդ: Մինչ հիմա Վեոլիայի մասնագետները վերանորոգման աշխատանքների համար այս լեռնային ճանապարհ կոչվածի վերջին 3 կմ ոտքով են գնում, իրենց հետ ձեռքով տանելով տեխնիկան ու ծախսանյութերը: Իսկ հիմա մեծածավալ ծրագիր պետք է իրականացվեր. խողովակներ ու զոդող սարքեր էր հարկավոր փոխադրել, շինանյութ ու մասնագետներ, որի համար բարձր կարգի ամենագնաց մեքենաներ էին հարկավոր: Ի վերջո, խնդիրները լուծվեցին, և օգոստոսի  10-ի գիշերը, ժամը 3.00-ին, «Արտաշատ» շահագործման տեղամասի ու ՏՏ Ջրառ ծառայության աշխատակիցները ավտոշարասյուն կազմած շարժվեցին դեպի Ջերմանիս:

Այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ զոդվել է 950 մետր խողովակաշար և կառուցվել ջրահավաք /կապտաժ/, վայրկյանում 3 լիտր արտադրողականությամբ: Առաջիկա օրերին կձևավորվի մնացած 550 մետրը, ինչպես նաև կշահագործվի մյուս աղբյուրը, նորից վայրկյանում 3 լիտր հզորությամբ: Իսկ «Այգեվանի օբա» կոչվող տեղամասում կվերանորոգվի գործող 2 աղբյուրներն ու կցանկապատվի տարածքը:

ՎեոլիաԹիմը սարերից կիջնի ողջ ծրագրի ավարտից հետո, անելով առավելագույն այս պահին Վեդիին տրվող ջրաքանակն ավելացնելու համար: