Միջազգային հետաքրքրություն Վեոլիա Ջուր ընկերության էներգետիկ ծրագրերի նկատմամբ

frtgtg

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում երեկ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի հետ։ Վերջիններս ցանկություն էին հայտնել հանդիպելու նաև Վեոլիա Ջուր ընկերության ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու Վեոլիա Գրուպի նախաձեռնած՝ փոքր հիդրոէլեկտրակայանի և այլընտրանքային էներգետիկ ծրագրերի նախագծման և իրականացման գործընթացին: Վեոլիա Ջուր ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանն ընդունեց Ուզբեկստանի էներգետիկ խմբին։ Հանդիպմանը մասնակցում էին ՀԲ ներկայացուցիչ Յորն Հունթեյլերը, ՀԲ խորհրդատու Աբգար Բուդաղյանը, ՀԲ էներգետիկ փորձագետները, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության, պետական մարմինների և առևտրային բանկերի ներկայացուցիչներ։ Ընկերության գլխավոր տնօրենը մանրամասն ներկայացրեց ընկերության որդեգրած քաղաքականությունը՝ բացառապես սեփական կարիքների համար էներգիայի արտադրության և վերջինիս արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Պատվիրակության անդամներին ներկայացվեցին նաև ոլորտում ձևավորված փորձն ու իրականացվող ծրագրերը։ Տիկին Շահինյանն առանձնահատուկ խոսեց հաջողության գրավական պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության մասին, ընդգծելով, որ վերոնշյալ ծրագրերին պետական մարմինների կողմից աջակցությունը էապես խթանում է ոլորտում իրականացվող ներդրումները: Հանդիպման ընթացքում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում պատվիրակության անդամները հետաքրքրվեցին ընկերության ընդհանուր փորձառությամբ, իրականացված ծրագրերով և էներգետիկ ոլորտում կիրառվող մոտեցումներով: Այնուհետև պատվիրակությունն այցելեց ընկերության կառուցած «Նոր Հաճն» փոքր հիդրոէլեկտրակայան, որտեղ Էներգետիկ ծառայության ղեկավար Կարեն Ավետիսյանը ներկայացրեց կայանի կառուցման ժամկետները, հզորությունը և արտադրվող էներգիայի ծավալները։ Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի անդամները Վեոլիա Ջուր ընկերությունից հեռացան դրական և ոգևորիչ տպավորություններով՝ բարձր գնահատելով իրականացվող ծրագրերը, մասնագիտական մոտեցումն ու համագործակցության ներուժը։