Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) ջուր մղող ջրագիծը Վեոլիա ջուր ընկերությանը փոխանցվել էր բազմաթիվ թերություններով: Դրա պատճառով համակարգում ամիսը 2-3 անգամ վթարներ էին լինում: Քանի որ ջրատարն անցնում էր քարքարոտ ու դժվարանցանելի տարածքով, չափազանց բարդանում էր ցանկացած տեխնիկական միջամտություն և վթարի վերացում: Խնդրին արմատական լուծում տալու համար Վեոլիա Ջուր ընկերության «Իջևան» շահագործման տեղամասը սեփական ուժերով փոխարինեց ջրագիծը:
Մասնագետները կառուցեցին և արդեն շահագործման են հանձնել նոր համակարգ՝ բաղկացած 400 գծամետր պոլիէթիլենե և 140 գծամետր պողպատե խողովակաշարերից: Այս փոփոխության արդյունքում Լուսաձորում կապահովվի կայուն ջրամատակարարում, իսկ Վեոլիաթիմն այլևս ստիպված չի լինի վթարներ վերացնել նման դժվար պայմաններում: