Կառուցվեց «Արզնի 2-Երևան» ջրատարի 210 մետրանոց շրջանցիկ հատվածը

Կորեայի ձոր կոչվող տարածքում «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի շրջանցիկ հատվածը միացվեց գործող խողովակաշարին:

Այստեղ հողի շարունակվող սողքի պատճառով հաճախակի վթարվում է Հրազդան գետի ձախ ափով ձգվող ջրատարը, որը հանգեցնում է երկարաժամկետ ու լայնածավալ ջրանջատումների:

Նաև Հրազդան գետի հունն է նեղացել՝ տեղ-տեղ կազմելով ընդամենը 3-5 մետր, որի հետևանքով տարածքում առաջացել են խողովակաշարի աշխատանքը խոչընդոտող ջրի կուտակումներ:

Խնդրի լուծման նպատակով Վեոլիա Ջուր ընկերությունը կառուցել է Հրազդան գետի աջ ափով ձգվող 210 գծամետր նոր ջրատար, որը նախապես լվանալուց ու ախտահանելուց հետո միացվեց «Արզնի 2 – Երևան»-ին:

Շուրջ 35 մլն դրամ արժեքով ծրագրի ավարտին անցյալում կմնան հաճախակի ջրանջատումներն ու ջրատարի շահագործման դժվարությունները: