Կարգավարականում աշխատում են 24/7/365 ռեժիմով

Երևան, Աբովյան 66ա, «Վեոլիա Ջուր» ընկերության Կարգավարական բաժին:

Այստեղ լույսը երբեք չի մարում: Դիսպետչերները՝ գիշեր թե ցերեկ ձեռքը պահում են համակարգի զարկերակի վրա: Մեծ մոնիտորների էկրաններին, ինչպես ափի մեջ, նրանք «տեսնում են» բոլոր 356 սպասարկվող բնակավայրները սնուցող ջրամատակարարման ողջ ցանցն իր հարյուրավոր աղբյուրներով, պոմպակայաններով, քլորակայաններով, մայրուղային ջրատարներով, օրվա կարգավորիչ ջրամբարներով …

Մշտադիտարկվում է հարյուրավոր տվիչներից ստացվող տեղեկատվությունն ու անհրաժեշտության դեպքում այստեղից էլ հաճախ առանց ինժեներական կառույցներում հերթապահող օպերատորների՝ առցանց ռեժիմով փոփոխություններ են մտցվում ջրամատակարարման ցանցի աշխատանքում:

Իսկ կանոնավոր ջրամատակարարումը ենթադրում է և՛ ջրի բավարար քանակ, և՛ պահանջվող ճնշում, և՛ սանիտարական նորմերին համապատասխան քլորացում, և՛ հոսանքի անխափան մատակարարում, և՛ վթարներին անհապաղ արձագանք, և՛ մեկ ընդհանուր նպատակ ունեցող ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատանքի համակարգում:

Մեծ ծավալի ու շատ կարևոր աշխատանք են կատարում մշտարթուն դիսպետչերները ընկերության ավելի քան 620 հազար բաժանորդների կենցաղային կարիքները հոգալու, նրանց կանոնավոր ու շարունակական ջրամատակարարմամբ ապահովելու համար:

Այսօր Վեոլիայի կարգավարականում «զարկերակը» բաբախում է համաչափ ու հանգիստ …