«Վեոլիա Ջուր»-ը կարևորելով համագործակցությունը կրթական հաստատությունների հետ, մշտապես մեծ սիրով է իր հարկի տակ ընդունում հետաքրքրասեր պատանիներին ու աղջիկներին, նրանց ներկայացնում ջրի արտադրության եւ մատակարարման ճանապարհը, նրբությունները՝ այս կերպ նպաստելով այսօրվա սպառողներից վաղվա օրինապաշտ բաժանորդների ու, ինչու ոչ, հայրենասեր սերնդի կերտմանը: ՎեոլիաԹիմում համոզված են, որ ջրի արժեքը, դրա մաքրության և պահպանման կարևորությունը պետք է փոխանցել դեռ վաղ տարիքից: Առաջնորդվելով հենց այդ համոզմամբ ընկերության ջրի մաքրման կայանները, լաբորատորիաները շարունակաբար բացում են իրենց դռները տարբեր դպրոցների աշակերտների առջև՝ հնարավորություն տալով մոտիկից տեսնել, թե ինչպես է ապահովվում ամենօրյա ջրամատակարարման անվտանգությունն ու որակը։ Նոյեմբերին «Վեոլիա Ջուր» ընկերության կենտրոնական և մարզային լաբորատորիաները հյուրընկալել են մի շարք դպրոցների 8–9-րդ դասարանների աշակերտների։ Այցերը կազմակերպվել են քիմիա առարկայի՝ ջրի մաքրման և վնասազերծման թեմայով նախագծային աշխատանքների շրջանակում։ Յուրաքանչյուր այցի ընթացքում աշակերտները՝
ծանոթացել են ջրի երկար ճանապարհին՝ բնական աղբյուրներից մինչև սպառողի ծորակ,
իմացել են, թե ինչպես են կատարվում նմուշառումները օրվա կարգավորիչ ջրամբարներում և ինչ ստուգումների է ենթարկվում ջուրը ամեն օր,
այցելել են լաբորատորիաների քիմիական բաժին, որտեղ սովորել են որոշել ջրի կոշտության աստիճանը և տեսել քլորացման ու վարակազերծման գործընթացները,
եղել են մանրէաբանական բաժնում, ուսումնասիրել ջրի նմուշները մասնագիտական սարքավորումների օգնությամբ, աշխատել մանրադիտակի հետ և հետևել մանրէաբանական անվտանգության ստուգումներին։
Ընկերության Կենտրոնական լաբորատորիայի ղեկավար Նաիրա Բիլյանն ու մասնագետները յուրաքանչյուր խմբի համար կազմակերպել են ճշգրիտ, հասանելի և հետաքրքրությամբ լեցուն շրջայց: Այցերը յուրօրինակ կամուրջ են ստեղծել տեսական գիտելիքի և իրական հետազոտական աշխատանքի միջև։ Աշակերտները Ընկերությունից հեռացել են նոր գիտելիքներով, հմտություններով և պատասխանատվության խորացող զգացումով։
Այս այցերը ևս մեկ անգամ հաստատում են, որ ջրի անվտանգությունն ու որակը միայն մասնագետների գործը չէ, այլ՝ համընդհանուր պատասխանատվություն։ Իսկ կրթված ու տեղեկացված սերունդը ջրի ռեսուրսների պահպանման լավագույն դաշնակիցն է։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը շարունակելու է իր կրթական առաքելությունը՝ նոր սերունդներին մոտեցնելով գիտությանը, ջրի իրական արժեքին և դրա պահպանման ընդհանուր պատասխանատվությանը, քանի որ խմելու ջուրը պարզապես ծառայություն չէ՝ այն կյանքի որակն է և վաղվա կայունության հիմքը։