Մարտի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջրի համաշխարային օրը: Այս տարվա թեման է «Ջուրը և գենդերային հավասարությունը», իսկ կարգախոսը՝ «Որտեղ ջուր է հոսում, այնտեղ հավասարությունը աճում է»: Այսօր աշխարհի շատ պետությունների համար ջրօգտագործումն ու ջրի խնայողությունը դարձել է ռազմավարական կարևոր ուղղություն: Այս անգամ ուզում ենք ձեզ պատմել, թե ինչ մեթոդներով են տարբեր երկրներում ապահովում ջրի խնայողութունն ու պայքարում ջրագողության դեմ: Սինգապուրում կիրառվում է «Չորս ծորակ» ռազմավարությունը՝ այսինքն՝ բնակչության ջրային պահանջները բավարարելու համար
ներմուծում են ջուր,
հավաքում են անձրևաջրերը,
աղազերծում են ծովի ջուրը
և հատուկ տեխնոլոգիայով վերամշակում կենցաղային կեղտաջրերը։
Բացի դրանից, ջրի սակագինը սանդղակային է. որքան շատ ես օգտագործում, այնքան բարձր սակագնով ես վճարում: Ջրի վատնման համար էլ տուգանքներ են սահմանված: Իսրայելը համարվում է ջրի խնայողության համաշխարհային առաջատար՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ոռոգվող տարածքների ավելի քան 80%-ում կիրառվում է կաթիլային ոռոգումը, ինչը թույլ է տալիս խնայել ջրի մինչև 50%-ը։ Գործող պետական ծրագրի շրջանակում կեղտաջրերի շուրջ 86%-ը վերամշակվում և օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։ Այստեղ ջրագողությունը համարվում է լուրջ հանցագործություն, և կիրառվում են խիստ տույժեր, ներառյալ բարձր տուգանքները և ազատազրկումը։ Իսպանիան, որը հաճախ է բախվում է երաշտի առաջացրած խնդիրներին, լայնորեն կիրառում է մաքրված կեղտաջրերի օգտագործումը զբոսայգիների և կանաչ տարածքների ոռոգման համար։ Այստեղ արգելվում է խմելու ջրով մեքենա լվանալը, բակային լողավազաններ լցնելը: Ջրօգտագործման կանոնների կոպիտ խախտման համար տուգանքը կարող է հասնել 3000 եվրոյի։ Մեքենան լվանալու, այգին ոռոգելու կամ լողավազանը լցնելու արգելքը խախտելու դեպքում տուգանվում են մինչև 50 եվրոյով։ ԱՄՆ Կալիֆորնիայում գործում է սեզոնային սակագին, այսինքն՝ ամռան ամիսներին ջրի գինը զգալիորեն բարձրացվում է՝ սահմանափակելով սպառումը։ Պետականորեն կիրառվում է ջրի վերաօգտագործումը: Այստես ևս ջրագողությունը համարվում է լուրջ հանցագործություն, որը կարգավորվում է ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային օրենսդրությամբ։ Տույժերը ներառում են զգալի տուգանքներ, իսկ խոշոր դեպքերում՝ ազատազրկում։ Ճապոնիան առանձնանում է ջրի խնայողության տեխնոլոգիական և օրենսդրական մոտեցումներով. «Johkasou» տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս մաքրված կեղտաջրերն ջուրն օգտագործել այգիների ոռոգման համար։ Միայն Տոկիոյում ջրի վճարը բաժանված է 9 սանդղակի, որոնց միջև գնային տրաբերությունը զգալի է։ Իսկ Ֆուկուոկա քաղաքում գործում է հատուկ օրենք, որը պարտադրում է խոշոր շենքերում անձրևաջրերի հավաքման համակարգեր տեղադրել։