Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում Վեոլիա Ջուր ընկերությունը խոշոր ներդրումներով արդիականացնում է իր սպասարկման բնակավայրերի ջրային ենթակառուցվածքները: Այդպիսի օրինակներից մեկն այս օրերին Գորիսում ընթացող լայնածավալ ջրաշինարարական աշխատանքներն են: 2026 թվականի Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով իրականացվող 542.8 մլն դրամի ներդրումով վերակառուցվում են Գորիսի բաշխիչ ցանցի՝ մինչ այժմ չփոխարինված վերջին հատվածները:
Կվերակառուցվի 12.5 կմ ջրագիծ, որի արդյունքում կբարելավվի 330 բաժանորդի ջրամատակարարումը: Կփոխարինվեն նաև հին, մաշված պողպատե և թուջե խողովակները, որոնք ջրի ճնշմնան հետևանքով վթարվում ու ջրակորստի պատճառ էին դառնում: Նախատեսվում է կառուցել նաև ճնշման կարգավորման 15 հանգույց և տեղադրել 7 հոսքաչափ՝ բաշխիչ ցանցի առավել ճշգրիտ կառավարում ապահովելու նպատակով:
Ծրագիրը ներառում է նաև Գորիսի Նարեկացու փողոցի շուրջ 180 մետր վթարային կոյուղագծի վերակառուցումը: