Յուրաքանչյուր ապօրինի միացում կամ շրջանցող խողովակ իր բացասական ազդեցությունն է ունենում ջրամատակարարման համակարգի վրա։ Ցավոք, փոքր-ինչ պակաս վճարելու կամ անձնական օգուտ տեսնելու նման փորձերը միայն բարդացնում են Վեոլիա Ջուր ընկերության աշխատանքն ու խանգարում մյուս սպառողներին. դրանց պատճառով ջրի ճնշումն ընկնում է, ջրակորուստը՝ մեծանում՝ հանգեցնելոով հարևանությամբ ապրող պարտաճանաչ սպառողների կայուն ջրամատակարարման խաթարման։ Այս ուղղությամբ Վեոլիա Ջուր ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահսկողությունը շարունակական են։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերության Առևտրային կորուստների կառավարման բաժնի համապատասխան աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ապամոնտաժվել և խցափակվել է ապօրինի ու շրջանցող տարբեր տրամաչափի 34 ջրագիծ։ ՎեոլիաԹիմի հմտություններն ու ստուգումների հստակ մեխանիզմները թույլ են տալիս արդյունավետորեն հայտնաբերել նույնիսկ ամենաթաքնված ապօրինի ջրագծերը։