Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրում Վեոլիա Ջուր ընկերությունը սեփական ուժերով սկսել է գյուղի ջրամատակարարման ցանցի վերանորոգումը: Գյուղի խմելու ջրի ներքին ցանցը կառուցվել է 1960–ականներին։ Ավելի քան 60 տարվա խողովակները գրեթե ամեն օր վթարվում էին: Բնակիչները շաբաթական մի քանի անգամ ահազանգում էին Վեոլիա Ջուր: Ընկերության մասնագետները մոտենում էին, վերացնում վթարները, սակայն ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր ոչ թե ժամանակավոր լուծում, այլ հիմնարար փոփոխություն։ Եվ ահա, «Արտաշատ» շահագործման տեղամասն արդեն սկսել է գյուղի 280 բաժանորդի համար 2550 գծամետր ջրագծերի փոխարինումը: Նախատեսվում է աշխատանքն ավարտել մինչև ամառ, ինչի արդյունքում կունենանք վայրկյանում 3 լիտր ջրի տնտեսում, կառավարելի ցանց, կանոնավոր և որակյալ ջրամատակարարում: