Հիշում եմ, սգում եմ, պահանջում եմ

Այսօր Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցն է

Հայրենակիցնե՛ր,

1915-1923թթ. Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում՝ մասնավորապես Արևմտյան Հայաստանում, շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց, իսկ մնացածները բռնի մահմեդականացվեցին կամ տեղահանվեցին և ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում:

Արդեն 106 տարի Հայ ժողովուրդը ցեղասպան պետությունից ու քաղաքակիրթ աշխարհից պահանջում է պատմական արդարության վերականգնում։ Աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել, որ ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Ներկայումս էլ իրադարձություները վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են մեր տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար:

Այսօր Ցեղասպանության լավագույն պատասխանն այն իրագործողին հզոր ու զարգացած պետություն կառուցելն է: Մենք կարող ենք ու պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին և հավատարիմ մնալ ինքներս մեզ: Հայոց ցեղասպանության տարելիցին, երբ դեռ ապաքինվում ենք ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը:

Հիշում ենք, սգում ենք, պահանջում ենք:

Ի գո՛րծ, հայրենակիցներ: