Երևանի Իսակովի 52/1, 52/2, 52/3 հասցեները և հարակից տնատիրությունները սպասարկող շուրջ 7 մետր խորությամբ կոյուղագիծն անցնում էր շինությունների և սեփականաշնորհված տարածքների տակով։ Վթարային վիճակում գտնվող կոյուղագծի յուրաքանչյուր խցանում կամ վթարի վերացումը չափազանց խնդրահարույց էր։
Խնդրի լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանն ու Վեոլիա Ջուրը համատեղ ուժերով կառուցում են 90 գծամետր երկարությամբ, 300 մմ տրամագծով շրջանցող կոյուղագիծ։ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ վերակառուցվում է նաև Ռոմանոս Մելիքյան 2/2 շենքը, հարակից անհատական տնատիրություններն ու հասարակական շինությունները սպասարկող կոյուղագիծը, որը նույնպես անցնում է շինությունների տակով։ Այստեղ կառուցվում է 170 գծամետր երկարությամբ, 400 մմ տրամագծով շրջանցող կոյուղագիծ։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել 15 օրից, ինչի արդյունքում կբարձրանա կոյուղու համակարգի շահագործման հուսալիությունը և զգալիորեն կհեշտանա դրա սպասարկումն ու հնարավոր վթարների վերացումը։