«Վեոլիա Ջուր» ընկերության «Էջմիածին» շահագործման տեղամասը սեփական ուժերով շարունակում է քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավումը։ Այս պահին կառուցվում է Չարենց թաղամասը սնող նոր ջրագիծ։ Փոխարինվում է թաղամասի մոտ 980 գծամետր երկարությամբ հին, քայքայված 300 մմ-ոց պողպատյա ջրագիծը՝ նոր 315 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակով։ Անհատական միացումների համար կառուցվում է նաև շուրջ 800 գծամետր երկարությամբ 110 մմ տրամագծով ջրագիծ։ Հին ցանցը խիստ վթարային էր, այստեղ առնվազն շաբաթը մեկ անգամ վթար էր արձանագրվում, իսկ գործող փականային հանգույցների բացակայության պատճառով վթարի դեպքում հաճախ հնարավոր չէր լինում ջրազրկել միայն վնասված հատվածը։
Նոր փականային հանգույցների տեղադրման արդյունքում ցանցը կդառնա ավելի կառավարելի, և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցնել միայն առանձին հատվածներում։ Այդ ամենից բացի կառուցվում են նաև 35-40 ջրաչափական հորեր, իսկ ջրաչափերը տեղափոխվում են սահմանազատման կետեր։ Սիրելի՛ սպառողներ, թեպետ այս աշխատանքները ժամանակավոր ջրանջատումներ են պահանջում, սակայն հենց դրանց ընթացքում է լուծվում տարիներով կուտակված խնդիրը՝ փոխարինվում են քայքայված խողովակները, փուլ առ փուլ անջատվում են հին ցանցերը, և ջրամատակարարման համակարգը դառնում է ավելի հուսալի ու կառավարելի։