Այսօր խմելու ջրի կենտրոնական լաբորատորիայում հյուրընկելել էինք Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին։ Այցը կազմակերպվել էր «Ջրի մաքրումը և վնասազերծումը» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում։Լաբորատորիայի ղեկավար Նաիրա Բիլյանն ու ամբողջ անձնակազմը սիրով ներկայացրեցին ջրի մաքրման և որակի վերահսկման ամբողջ շղթան՝ բնական աղբյուրներից մինչև տան ծորակներ։Շրջայցի ընթացքում դպրոցականները եղան քիմիական բաժնում, որտեղ ծանոթացան ջրի նմուշառման գործընթացին, սովորեցին՝ ինչպես են որոշում ջրի կոշտության աստիճանը։ Այնուհետև այցելեցին մանրէաբանական բաժին, որտեղ հատուկ սարքավորումների օգնությամբ ցուցադրվեց, թե ինչպես են հետազոտվում ջրի նմուշները՝ մանրէաբանական անվտանգության վերահսկման նպատակով։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ բոլոր պրոցեսներին հետևելուց հետո մեր լաբորատորիային հրաժեշտ տվեցին նոր գիտելիքներով, ջրի կարևորությունը վերաարժևորած և, իհարկե, նվերներով: