Տավուշի մարզի Ազատամուտ գյուղը հիմնադրումից իր վեր առաջին անգամ ունենալու է շուրջօրյա ջրամատակարարում։ 1970-ական թվականներին Բենտոնիտի գործարանի աշխատակիցների համար կառուցված Ազատամուտն այսօր ունի շուրջ 3450 բնակիչ։ Գյուղում Վեոլիա Ջրի ծառայություններից օգտվում է 768 բաժանորդ։ Հիմնադրման օրվանից Ազատամուտի ջրամատակարարումը եղել է ամենալուրջ խնդիրներից մեկը։ Տարբեր ժամանակներում եղել են խնդրի լուծման բազմաթիվ փորձեր, սակայն դրանք չեն տվել ցանկալի արդյունք։ Տասնամյակներ շարունակ ազատամուտցիները խմելու ջուր ստացել են օրական ընդամենը 1․5-2 ժամ, իսկ ամռան ամիսներին իրավիճակը հաճախ ավելի էր բարդանում։ Շուրջ մեկուկես տարի առաջ Վեոլիա Ջուրը ձեռնամուխ եղավ խնդրի հիմնարար լուծմանը։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց նոր ջրային հոր, որից հետո սկսվեցին հորատման և շինարարական լայնածավալ աշխատանքները։ Հորում տեղադրվեց պոմպ, կառուցվեց շուրջ 600 գծամետր նոր ջրագիծ, որը միացվեց գործող համակարգին։
Միաժամանակ կառուցվեց նոր պոմպակայան՝ անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքներով և առանձին շենքով։ Արդյունքում համակարգի արտադրողականությունը զգալիորեն աճեց։ Եթե նախկինում դեպի օրվա կարգավորիչ ջրամբար մղվում էր վայրկյանում ընդամենը 4 լիտր ջուր, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 10․5 լիտրի։ Իսկ փոփոխությունը հնարավորություն տվեց ամբողջությամբ փոխել գյուղի ջրամատակարարման ռեժիմը։ Այսօր Ազատամուտն ունի 24-ժամյա ջրամատակարարում։ Համայնքի համար սա հերթական ենթակառուցվածքային ծրագիր չէ, այլ շրջադարձային փոփոխություն, որն ավարտում է տասնամյակներ շարունակվող ջրի պակասի պատմությունը և ձևավորում բոլորովին նոր առօրյա՝ հուսալի և կայուն ջրամատակարարմամբ։