Արժանացան տնօրինության խրախուսանքին

«Հարավ» շահագործման տեղամասը «Արևելք» տարածաշրջանային տնօրինության խոշոր ստորաբաժանումներից մեկն է: Այն սպասարկում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանն ամբողջությամբ, նաև մի փոքր հատված Էրեբունուց ու Արարատի մարզից:

Իսկ խոշոր՝ կնշանակի բազմազբաղ. գործը ծով, խնդիրները շատ, որոնք սակայն հաջողությամբ քայլ առ քայլ լուծում է տեղամասի համերաշխ աշխատակազմը Արսեն Բուդաղյանի գլխավորությամբ:

Վերջին երեք ամիսներն այս առումով եթե տարբերվում էին մյուս ժամանակահատվածներից, ապա միայն աշխատանքի էլ ավելի մեծ ծավալներով: Այսպես, ջրամատակարարման բարելավման համար Ներքին Չարբախ թաղամասի 3 և 9 փողոցներում շահագործումից հանվեց 360 երկարությամբ քայքայված և հետագա շահագործման համար ոչ պիտանի ջրագիծ, իսկ փոխարենը, խնդրին ճիշտ տեխնիկական լուծում տալու միջոցով, կառուցվեց միայն 230 գծամետր խողովակաշար, միաժամանակ բաժանորդների համար տեղադրելով 20 ջրաչափական դիտահոր: Արդյունքում ոչ միայն կանոնավորվեց ջրամատակարարումը, բարձրացավ բաշխիչ ցանցի շահագործման հուսալիությունը և օպտիմալ  կառավարումը, այլև հնարավոր դարձավ տնտեսվել վայրկյանում 4 լիտր ջուր:

Ուսումնասիրվեց նաև հարակից՝ Արարատյան փողոցի ՀՀ ՊՆ զինվորական հավաքակայանից մինչև Ներքին Չարբախ թաղամաս ձգվող երկու՝ 300 և 150 մմ տրամագծով ջրագծերի վիճակը: Վերջինս, որի վրա հայտնաբերվեց «գաղտնի վթար» վայրկյանում 6 լիտր ջրի կորստով, տեխնիկական վիճակով պայմանավորված ընդհանրապես հանվեց շահագործումից, իսկ դրանից սնվող 2 բաժանորդի անհատական ջրագծերը միացվեցին 300 միլիմետրանոցին՝ դիտահորերով հանդերձ:

Եվ սա՝ տեղամասի սպասարկման տարածքի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերում, ինչպես նաև ջրատարերի վրա մշտապես իրականացվող վթարի վերացման աշխատանքներից զատ:

Բնականաբար, նման վերաբերմունքը գործին՝ ի շահ սպառողի չէր կարող աննկատ մնալ ընկերության տնօրինության համար, որի որոշմամբ տեղամասի 24 աշխատակից արժանացավ դրամական պարգևի: