Ամառը սկսվել է, և կրկին շատացել են ապօրինությունները, հետևաբար ակտիվացել է նաև Վեոլիա Ջուր ընկերության պայքարն այդ արատավոր երևույթի դեմ: Վերջին օրերին ապօրինի և անհայտ միացումներ են հայտնաբերվել Գառնի համայնքի Բանավան թաղամասում։ Հայտնաբերված բոլոր միացումներն ապամոնտաժվել են, կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նման դեպքերը, սակայն, չեն կարող անհետևանք մնալ ոչ միայն տվյալ տարածքի, այլև հարակից բնակավայրերի համար։ Մասնավորապես ջրամատակարարման խնդիրներ են առաջանում Արարատի մարզի մի շարք բնակավայրերում, որոնց ջուրը մատակարարվում է Բանավան թաղամասով անցնող համակարգի միջոցով։
Սա նշանակում է, որ բնակիչների համար նախատեսված ջրի մի մասը ճանապարհին ապօրինի կերպով օգտագործվում կամ կորչում է, ինչն ազդում է ամբողջ համակարգի աշխատանքի վրա։Ընկերությունը շարունակելու է վերահսկողության և կանխարգելման աշխատանքները, սակայն պետք է փոխվի նաև քաղաքացիների վերաբերմունքը, առանց որի անհնար կլինի վերացնել այս երևույթն ու ապահովել ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքը։