
Ողջ տարին «Վեոլիա Ջուր» ընկերության շահագործման տեղամասերը աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով, սակայն ամռան ամիսներին ամեն ինչ ավելի է բարդանում, երբ օրական մի քանի վթարների վերացմանը զուգահեռ՝ շահագործման տեղամասերը սեփական ուժերով իրականացնում են նաև իրենց սպասարկման տարածքներում ջրագծերի վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես «Երևան» շահագործման տնօրինության «Հարավ» տեղամասը տարվա սկզբից վերակառուցել և դեռ շարունակում է վերակառուցել 5կմ-ից ավելի ջրագիծ:

Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 1-ին նրբանցքում հաճախակի էին գաղտնի վթարները: Տեղային լուծումները արդյունք չէին տալիս և այժմ 25 բաժանորդի համար իրականացվում է 700 մետր ջրագծի փոխարինման աշխատանքներ: Ջրաչափական դիտահորերը կտեղափոխվեն սահմանազատման կետեր, բաժանորդների հին ջրաչափերը կփոխարինվեն նորերով: Այս աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի խնայել վայրկյանում 4 լիտր ջուր:

Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 11 փողոցի բնակիչներն անընդհատ դժգոհ էին ջրամատակարարումից։ Պատճառը՝ տարիներ առաջ բնակիչների կողմից կառուցված անորակ խողովակներն էին։ Այստեղ Վեոլիա Ջուր-բնակիչ համագործակցությամբ քայքայված ջրագիծը՝ 100 մետր երկարությամբ փոխարինվել է նորով, որից հետո դադարել են փողոցից ջրի հետ կապված դժգոհությունները:

Գրեթե ամեն օր վթարներ Արարատի մարզի Նոր Խարբերդ 10-րդ փողոցում: Ջրագիծն ամբողջությամբ քայքայված է: Այժմ իրականացվում է 2 կմ երկարությամբ ջրագծի ամբողջական վերակառուցում, որը կծառայի 130 բաժանորդի: Նույն մարզի Ջրաշեն, Դիտակ համայնքներում բնակիչ–բաժանորդների քանակի ավելացման հետ ավելացել է նաև ջրօգտագործման ծավալները։ 2 համայնքների ջրամատակարարումը իրականացվում էր 100 մմ թուջե և պողպատե հնամաշ խողովակներով։ Դրանց թողունակությունը չէր բավարարում գյուղերի պահանջին, ուստի Վեոլիաթիմը այստեղ ևս ձեռնամուխ է եղել ջրագծի փոխարինման աշխատանքներին: Կառուցվում է մոտ 800 մետր երկարությամբ 160մմ տրամաչափի պոլիէթիլենե նոր ջրագիծ: Նաև Ջրաշենի Պուշկինի փողոցի քայքայված ջրագիծն է փոխարինվում համայնքապետարանի հետ համատեղ՝ 400 մետր՝ 20 բաժանորդի համար: Աշխատանքները կավարտվեն օգոստոսին, որից հետո կտրուկ կպակասեն այս տարածքների բնակիչների դժգոհությունները, ինչպես նաև ջրակորուստ կկանխվի, որը կրկին կուղղվի նշված բնակավայրերին: