2025 թվականին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Արմավիրի մարզի Արագած բնակավայրի ջրամատակարարման ցանցում իրականացրեց լայնածավալ վերակառուցում, որի արդյունքներն արդեն շոշափելի են հազարավոր բնակիչների համար։ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ընկերությունը ներդնելով 347 մլն դրամ՝ ամբողջությամբ փոխարինեց բնակավայրի հնամաշ և վթարային խողովակաշարերը՝ ընդհանուր 16 կմ։ Արագածում, ճիշտ է, սպառողները միշտ են ունեցել են 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ցանցի մաշվածության հետևանքով այստեղ կորում էր վայրկյանում 17 լիտր ջուր: Գյուղին նախկինում մղվող վայրկյանում 23 լիտրի փոխարեն այժմ 6 լիտր/վայրկյան ջրաքանակն էլ բավարար է շուրջօրյա ջրամատակարարում ունենալու համար: 3089 բնակիչ ունեցող Արագածում այսօր արդեն խոսում են ոչ թե հաճախակի վթարներից, դրանց վերացման համար հայտարարված ջրանջատումներից, այլև կայուն ջրամատակարարման համակարգից։ 2025 թվականին իրականացված վերակառուցումները հիմք դարձան հաջորդ փուլի համար։ Որպես աշխատանքների տրամաբանական շարունակություն՝ «Էջմիածին» շահագործման տեղամասը մեկնարկեց Արագածի մուտքագծի վերակառուցման աշխատանքները:
Ընկերության սեփական ուժերով նորոգվում է 660 մետր 160 մմ-ոց պոլիէթիլենե նոր խողովակաշար: Նոր մուտքագծի կառուցումը կբարձրացնի համակարգի հուսալիությունը, կապահովի ավելի հավասարակշռված բաշխում և կնվազեցնի ճնշման տատանումներն ամբողջ ցանցում։ Այս մուտքագիծը կծառայի ոչ միայն Արագածին, այլև հարակից բնակավայրերին։ Այս խողովակաշարից է սնվում նաև Աղավնատուն, Ամբերդ, Դողս և Ծաղկալանջ բնակավայրերը։ Խնայված ջուրը հատկապես ամառվա պիկին ուղղվելու է այս գյուղերին՝ սպառողների պահանջարկը բավարարելու նպատակով։ Այսպիսով, Արագածում ջրի հետ կապված խնդիրներն այլևս մնացին անցյալում: Հետևողական ներդրումները, վթարներին արագ արձագանքելն ու լայնածավալ շինարարությունները վկայում են՝ համակարգում դրական փոփոխություններ հնարավոր են, եթե կա կամք և երբ առաջնահերթը սպառողի շահն է։