147 մլն դրամի ներդրում՝ Սարատակի ջրամատակարարումն արդիականացնելու համար

ւըյտգ

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ բնակավայրի ջրային ցանցը կառուցվել է 50 տարի առաջ՝ թուջե և պողատե խողովակներով, որոնք օգտագործման համար այլևս պիտանի չեն։ Տարիների ընթացքում մաշված ու քայքայված խողովակները բազմաթիվ բաց ու փակ վթարների պատճառ էին դառնում։ Համակարգում նաև ջրի կորուստն էր շատ՝ վայրկյանում 9 լիտր։ Այստեղ կանոնավոր ջրամատակարարում ապահովելուն խանգարում էին սեփական տարածքներով անցնող խողովակները։ Վեոլիա Ջուր ընկերության Գոտիավորման մասնագետները կատարեցին ուսումնասիրություններ և որոշվեց նախագիծ իրականացնել ամենաշատ ջրակորուստ արձանագրվող հատվածում: Այժմ Վեոլիա Ջուր ընկերությունն 2026 թվականի Պարտադիր Կապիտալ Աշխատանքների ծրագրի շրջանակում Սարատակի Կենտրոնական փողոցում և ձախակողմյան հատվածում ջրագծերի փոխարինման աշխատանքներ է կատարում։ Ներդրումների ծավալը կազմում է 147 մլն դրամ։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 4,2 կմ երկարությամբ 40-160 մմ տրամագծերի ջրագծեր և մուտքագծեր, ինչպես նաև սահմանազատման կետ տեղափոխել 165 բաժանորդների ջրաչափական հանգույցներ։ Այսպիսով, տարիների ընթացքում կուտակված խնդիրները փուլ առ փուլ լուծում են ստանում: Սարատակի բնակիչները մոտ ապագայում կզգան իրականացվող աշխատանքների շոշափելի արդյունքները։