Մասիսի տարածաշրջանի ավելի քան 4400 բաժանորդ ապահովվեց կայուն ջրամատակարարմամբ

Ավարտվեց «Արարատյան» պոմպակայանից դեպի «Նորաբաց» օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/ ձգվող մայրուղային ջրատարի վթարային հատվածի փոխարինման աշխատանքները:

Բանն այն է, որ 9 կմ երկարությամբ մետաղական ջրատարի այս 1550 մետրանոց հատվածը, անցնելով աղակալած ագրեսիվ հողերով, տասնամյակների ընթացքում քայքայվել է: Դրա հետևանքով և զգալի ջուր էր կորչում, և պարբերաբար ջրամատակարարման խնդիրներ էին առաջանում ՕԿՋ-ից սնվող Նորաբաց, Դարակերտ, Հայանիստ, Արբաթ, Դարփնիկ, Դաշտավան, Զորակ, Ղուկասավան, Գետափնյա գյուղերում, Այնթափի 1, 2, 3-րդ փողոցներում, Մասիս քաղաքի Կայարան թաղամասում։

Խնդրի արմատական լուծման համար Վեոլիա Ջուր ՓԲԸ վերջին ամիսներին, սեփական միջոցներից հատկացնելով 131,7 մլն դրամ, վթարային հատվածին զուգահեռ կառուցեց նոր ջրագիծ, ինչպես նաև 2 դիտահոր՝ 400 մմ տրամագծով գծային փականների համար: Վեոլիայի «Հարավ» շահագործման տնօրինության հավաքական թիմը, Կենտրոնական ավտոհավաքակայանից ուղարկած տեխնիկայի ու մեխանիզմների օգնությամբ նոր խողովակաշարը եռակցման միջոցով միացնում է մայրուղային ջրատարին: Գործն արագացնելու համար միաժամանակ աշխատում են 4 վայրում:

Աշխատանքների արդյունքում Մասիսի տարածաշրջանի ավելի քան 4400 բաժանորդ ապահովվեց կայուն ջրամատակարարմամբ: