Լուկաշին թաղամասը նոր բաշխիչ ցանց ունի

 Ճիշտ ժամկետին՝ օգոստոսի վերջին կյանքի կոչվեց Վեոլիայի ընթացիկ տարվա Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի /ՊԿԱԾ – 2022/ հերթական բաղադրիչը՝ Աջափնյակի Բաշինջաղյան փակուղի, Կարապետյան և Ռուստամյան փողոցներով շրջափակված թաղամասում: Ավելի քան 50 տարի առաջ կառուցված ջրագծերն այստեղ հայտնվել էին կառուցապատված տարածքներում, ֆիզիկապես խիստ մաշված էին, իսկ հաճախակի դարձած վթարները վերացնելու ժամանակ առաջանում են խնդիրներ տարածքի սեփականատերերի հետ:

Խնդրի արմատական լուծման համար Վեոլիան հատկացրեց 155 մլն դրամ, որի շրջանակներում սեղմ ժամկետներում վերակառուցվեց թաղամասի բաշխիչ ցանցն ամբողջությամբ՝ ստեղծելով տարածքային առանձնացված գոտի, ընդհանուր առմամբ կառուցվեց մոտ 2կմ երկարությամբ 63-110 մմ տրամագծով պոլիէթիլենե ջրագծեր՝ դիտահորերով, շուրջ 250 բաժանորդների անհատական ջրագծերն անջատվեցին հին ցանցից ու միացվեցին նորին, նրանց ջրաչափերն էլ վերատեղադրվեցին փողոցներում մոնտաժված անհատական դիտահորերում: Այնուհետև կարգի բերվեցին ու ասֆալտապատվեցին շինհրապարակի վերածված փողոցները՝ ապահովելով տրանսպորտի անխափան շարժը:

Արդյունքում այստեղ այլևս ունենք ոչ միայն բաշխիչ ցանցի հուսալի կառավարում, ջրի բավարար ճնշում ու վաճառքի ծավալի հստակ հաշվարկ, այլև վայրկյանում 28 լիտր ջրի տնտեսում՝ նախատեսված 20 լիտրի փոխարեն, որը կգնա հարևան թաղամասերի սպառողներին: