Արարատի մարզի Ջրաշեն գյուղում համայնքապետարանի ու Վեոլիա Ջրի համատեղ ուժերով շարունակվում է բաշխիչ ցանցի արդիականացումը՝ փուլ առ փուլ եղանակով:
Աշխատանքների հերթական հասցեն Գրիբոյեդով փողոցն էր, որտեղ անհրաժեշտ էր փոխարինել ողջ խողովակաշարը: Այն վթարային էր ու հետագա շահագործման համար ոչ պիտանի, դրանից բացի, անցած տասնամյակներին «հագեցել» էր բազմաթիվ ապօրինի միացումներով:
Առկա խնդիրների արմատական լուծման նպատակով, «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի ու համայնքապետարանի կողմից փողոցի 100մմ տրամագծով 320 մետրանոց պողպատե խողովակաշարը փոխարինվեց 75 միլիմետրանոց պոլիէթիլենայինով: Միաժամանակ, բոլոր 35 բաժանորդների ջրամիացման կետերին կից կառուցվեցին ջրաչափական դիտահորեր, որտեղ տեղադրվեցին նոր ջրաչափեր։
Հիմա այստեղ մենք ունենք բարելավված ու կանոնավոր ջրամատակարարում, սպառվող ջրի հստակ հաշվառում և հուսալի շահագործվող ջրագիծ: