Ջրամատակարարումը Հայաստանում իրականացվում է համաձայն գրաֆիկի

 

Ի կատարումն ՀՀ Պարետատան կարգադրության՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ համակարգը նույնպես նվազագույնի է հասցնում ուղղակի շփումները հանրության հետ: Շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես հետաձգվում է. ոչինչ, իրավիճակը շտկվելուց հետո համատեղ ուժերով արագորեն կլուծվեն առաջացած խնդիրները: Սակայն ջրամատակարարման հետ առնչվող ծառայությունները շարունակում են գործել կանոնավոր, շուրջօրյա ռեժիմով:

Ինչպես տեղեկացնում է ընկերության Կենտրոնական կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, որևէ խնդիր համակարգում չկա, ջրարտադրությունը աղբյուրներում այս պահին կազմում է 16205 լիտր վայրկյանում, հայտարարված գրաֆիկն ապահովվում է ամենուր:

Ջրաղբյուրներ, պոմպակայաններ, քլորակայաններ, կարգավարական ծառայություններ, 185 հեռախոսային կենտրոն, շահագործման տեղամասեր … Ամենուր աշխատանքը շարունակվում է հաստատված կարգով: Հեռախոսազանգերը ընդունվում են, վթարները վերացվում են ժամանակին: Այս օրերին, առավել քան նախկինում, համակարգի աշխատակիցները գիտակցում են իրավիճակի լրջությունն ու իրենց պատասխանատվությունը հանրության առջև: Անգամ նրանք, ովքեր անցել են հեռահար աշխատանքի, ամեն պահի կարող են մեկնել հավանական պատահարի վայր:

Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատում է արտակարգ պայմաններում, պատրաստ ամեն վայրկյան արձագանքելու առաջացող մարտահրավերներին: