«Գառնի-Երևան» վթարված ջրատարը վերագործարկվեց ժամանակին

Երևանում և Արարատի մարզի որոշ բնակավայրերում ջրանջատման մասին հայտարարությունից մոտ 3 ժամ անց «Էրեբունի» շահագործման տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ավարտվել է մնացորդային ջրի հեռացումը այս խոշոր, շուրջ 40 կմ երկարություն ունեցող խողովակաշարից և սկսվեն են վերանորոգման աշխատանքները:

Վթարը տեղի էր ունեցել Նուբարաշենի աղբավայրից քիչ հեռու՝ ձորում: Ջրատարի երկու խողովակներ, թերևս հողի սողքի պատճառով, իրարից հեռացել են 5-6 սմ, որով պայմանավորված ջուրն ուժեղ շիթով դուրս է մղվել ու շուրջբոլոր հողը քանդել:

Ըստ տեղամասի պետի՝ նախատեսվում էր աշխատել նաև գիշերը՝ լուսարձակների լույսով՝ վերանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար: Բայց ևս մի քանի ժամ պահանջվում էր խողովակաշարը նորից ջրով լցնելու ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելու համար: Այնուամենայնիվ, «Էրեբունիում» աշխատում էին այն հաշվով, որ վաղն առավոտյան վերսկսեն սպառողների ջրամատակարարումը:

Եւ իրոք, առավոտյան մոտ 5.00-ին համակարգի կարևորագույն խողովակաշարերից մեկը վերագործարկվեց: Ջուրը դեպի Երևան հոսեց ոչ միայն ինքնահոս եղանակով, այլև իրար հետևից միացվող պոմպերով, սկսեց լցվել օրվա կարգավորիչ ջրամբարները, ինչը թույլ տվեց սպասարկման տարածքի սպառողների մեծ մասին արդեն առավոտյան ապահովել ջրով: