Էրեբունու մեկ օրը

Ջրմուղագործի օրը տարվա բոլոր եղանակներին սկսվում է «սկզբից»՝ օրվա անելիքը որոշելուց: Իսկ նրանում, որ անելիքը վերջ չունի, կարելի է համոզվել, մեկ օր անցկացնելով ջրմուղագործների հետ: Անելիքի նպատակն էլ մեկն է՝ բաժանորդին ժամ առաջ ջուր հասցնելը:
Ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Էրեբունի» տեղամասում առօրյան սկսվում է «1-85 հեռախոսային կենտրոնի» փոխանցած տվյալների քննարկմամբ: Շուրջօրյա ռեժիմով աշխատող այս ծառայությունը վաղ առավոտյան աշխատակազմին է փոխանցում բնակիչներից ստացած ահազանգերի, վթարների ու առաջացած այլ խնդիրների ցուցակը: Իսկ սպասարկման տարածքը զգալի է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններ, Արարատի մարզի՝ Խարբերդ, Բարձրաշեն, Դիտակ և Ջրաշեն գյուղեր: «Էրեբունին» ջուր է տալիս մոտ 40.000 բաժանորդի:

Տեղամասի գլխավոր ճարտարագետը Հենրիկ Մարտիրոսյանն է, ով էլ տեղեկանում է թե ինչ խնդիրներ կան օրակարգում՝ արագ արձագանքման համար: Հիմնականում կատարվում են վթարային կամ ցանցի կարգաբերման աշխատանքներ: Վթարները վերացնելու առաջնահերթությունը որոշվում է իրադրությունից ելնելով: Այսինքն, եթե վթարի պատճառով ջուրը տներն է լցվում, ուրեմն հենց դրանից էլ սկսում են աշխատանքի գործնական մասը: Եթե նմանօրինակ վթար չկա, հերթապահ բրիգադը շտապում է օրվա ամենամեծ վթարի տարածք: Իրավիճակը պարզելուց հետո, բանվորական ուժը համալրվում է համապատասխան տեխնիկայով, ճանապարհային նշաններով, գործիքներով և` ի գործ:
Մեր այցելության պահին, բրիգադն արդեն գործի էր Էրեբունի փողոցում: Այստեղ ջրագիծն էր վթարվել: Ճանապարհային նշանները տեղադրելուց և համապատասխան ինժեներական նախապատրաստությունից հետո անձնակազմ ու տեխնիկան անցնում են հողային աշխատանքներին
66-ամյա Ալբերտ Չիլինգարյանը վթարի վերացման մասնակիցներից մեկն է, ինչպես ինքն է իրեն ներկայացնում՝ «մարդկանց ջուրը միացնողներից է»: Համակարգում է արդեն 21 տարի, ինչ վթար ասես, որ չի տեսել: Հիմնական մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, բայց կյանքի բերումով ջրմուղագործ է դարձել: Գործն իհարկե ծանր է, սակայն ջրմուղագործին այն չի խանգարում քիչ այլ աչքերով նաեւ կյանքին ու շրջապատին. «Հաճույքով եմ կրում նարնջագույն համազգեստս, միակ բանը, որը մի քիչ սրտովս չէ՝ բողոքող քաղաքացին է, բայց դա էլ է ժամանակավոր, նույն այդ քաղաքացին արդեն վթարը վերացնելուց հետո ժպիտով շնորհակալություն է հայտնում, դա մեր գործի ամենահաճելի մասն է», - ասում է նա ու ցեխի մեջ՝ ռետինե կոշիկներով կանգնած շարունակում աշխատանքը: Խոսելու ժամանակը չէ, մյուս վթարներն իրենց են սպասում: Իսկ այս մեկը վերացնելու համար անձնակազմից պահանջվեց շուրջ երկու ժամ լարված աշխատանք:
Ջրամատակարարման ցանցը Էրեբունիում հին է, աշխատանքներ են ընթանում տարածքի շուրջ 80 տոկոս ջրագծերը նորացնելու ուղղությամբ: Հենց ցանցի հնամաշ լինելն է պատճառը, որ այստեղ ամսական շուրջ 150-170 վթար է լինում: Բայց հետաքրքիրն այն է, որ դրանց ազդեցությունը ավելի ու ավելի քիչ են զգում սպառողները: Նախկինում, բաշխիչ ցանցի անկատարելության պատճառով, անգամ մի փոքր վթարի վերացման համար ստիպված մի ամբողջ թաղամաս էր ջրանջատվում: Հիմա իրավիճակն այլ է: Դիտահորերի ու դրանց փականների արդիականացման շնորհիվ ջրանջատումները հնարավորինս տեղայնացվում են: Մյուս կողմից, մասնագետների որակավորումն է տարեցտարի բարձրանում: Մարդիկ սովորել են կատարել աշխատանքներ անգամ ջրի շարունակվող հոսքի պարագայում: Դրա համար էլ ամեն վթար չէ, որ ջրանջատման է բերում:
Նաեւ նոր տեխնիկան ու սարքավորումներն են օգնում արագ ու արդյունավետ աշխատել: Հին ավտոպարկի կողքին տեղամասում աչք են զարնում նոր մեքենաներն ու տեխնիկական միջոցները: Սակայն ինչքան էլ դրանք շատ լինեն, միևնույնն է՝ միշտ գործ կա անելու: Իսկ գործի հիմքը ջրմուղագործն է, իր վերաբերմունքով, մոտեցումներով ու շահագրգռվածությամբ: «Էրեբունիի» արդյունքները վկայում են. տեղամասում մարդկային գործոնն իր բարձրության վրա է: