Ավարտվել է «Լաստիվեր» ջրի մատակարարման նոր համակարգի կառուցման աշխատանքները

Ավարտական փուլում է գտնվում «Լաստիվեր» ջրի մատակարարման նոր համակարգի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ Իջևանը կստանա վայրկյանում 30 լիտր հավելյալ ջուր:

Իջևան քաղաքն ընդհանուր առմամբ ջուր է ստանում 28 մեծ ու փոքր աղբյուրներից: Սակայն ամռան ու ձմռան սակավաջուր ամիսներին աղբյուրներից ջրի ելքը մեծ տատանումների է ենթարկվում: Օրինակ, Իջևանը սնող հիմնական «Անապատ» աղբյուրից ջրառը վայրկյանում 60 լիտրից կարող է նվազել մինչև 5 լիտրի, ինչը բնականաբար հանգեցնում է ջրամատակարարման անկանոնության:

Ջրի սպառման պիկերին քաղաքին մատակարարվող ջրաքանակի ավելացման և հաստատուն ջրամատակարարում ունենալու նպատակով Վեոլիա Ջուրը Իջևանից 8 կմ հեռավորությամբ՝ Լաստիվերի «Պաղ ջուր» կոչվող գետակի վրա կառուցել է  նոր ջրընդունիչ: Ինչպես նաև չնայած լեռնային բարդ պայմաններին՝ կառուցվել է 2300 մետրանոց խողովակաշար, որով ջուրը գետակից հասցվելու է ջրի մաքրման կայան (ՋՄԿ), որտեղ գետակից ստացվող մակերևութային ջուրը պարտադիր պետք է վերամշակվի և քլորացվի:

Այսօր արդեն ավարտված է 60 լ/վրկ հզորությամբ ՋՄԿ-ի շենքի շինարարական աշխատանքները. տեղադրված են արտասահմանից ներկրված գործարանային արտադրության մաքրման կառուցվածքները և ներկայումս ընթանում են դրանց կարգաբերման աշխատանքները: Կայանում կգործեն 30լ/վրկ հզորությամբ կվարցային ավազով մաքրող 2 ավտոմատ ֆիլտրեր, որոնցից մեկը մշտապես կգտնվի աշխատանքային վիճակում՝ Լաստիվերի հարակից գետակի ջրերի համար, իսկ երկրորդը կլինի պահուստային և կգործարկվի «Անապատ» աղբյուրից հոսող ջրերի պղտորման դեպքում:

Ծրագրի իրականացման համար ծախսվել է 205 մլն դրամ: