Արաբկիր. վթարը վերացրեցին մթության մեջ

Երեկ Արաբկիրի մի հատվածում ջուր չկար: Ինչպես քիչ անց պարզեցին «Արաբկիր» շահագործման տեղամասի մասնագետները, վթարվել էր «Լամպերի գործարան» օրվա կարգավորիչ ջրամբարից տարանցիկ՝ դեպի Քոչար-Արծրունի փողոցներն ու հարակից հատվածները գնացող 300մմ տրամագծով թուջե ջրագիծը:

Ինչպես երևում է լուսանկարից՝ խողովակը ողջ երկարությամբ ճաքել էր: Նման բան պատահում է թուջի հետ. ուշ է մաշվում այս մետաղը, բայց և շատ զգայուն է հարվածների ու ծանրաբեռնվածության նկատմամբ: Ինչպես տեղեկացրեց տեղամասի պետ Գեորգի Գասպարյանը, վերանորոգման աշխատանքները սկսվեցին մոտ 12.00-ին, իսկ վերջացան 20.00-ին, արդեն մթության մեջ:

Երկու տեղ փորեցին, մոտ 1,5 մետրանոց հատված հեռացրեցին, փոխարենը տեղադրեցին պողպատե խողովակ, որը եռակցմամբ ու «ֆլանեցով» միացրեցին գործող խողովակաշարին: